Մատչելիության հղումներ

Վրաց երգիչները մայիսին Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ - 2009»-ին կներկայանան We Don’t Wanna Put In երգով, որի բառերը երկակի թարգմանության հնարավորություն են տալիս. տեքստային տարբերակով` «մենք չենք ուզում բացասական լիցքեր հաղորդել», իսկ ունկնդրի ընկալմամբ նաեւ` «մենք չենք ուզում Պուտինին»:

Թեեւ նախորդ տարվա օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, թե բոյկոտելու է Մոսկվայում անցկացվելիք մրցույթը, այդուամենայնիվ, մոտ մեկ ամիս առաջ փոխեց մտադրությունը եւ հավակնորդների մրցույթ հայտարարեց: Հեռուստադիտողների եւ հատուկ ժյուրիի քվեարկության արդյունքում ընտրվեց «Ստեֆան եւ 3G» խմբի երգը` դիսկո ռիթմերով ու քաղաքական ենթատեքստով:

Երգի հեղինակները վստահ են, որ երգը կհասնի մինչեւ մոսկովյան «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիր, թեեւ «Եվրատեսիլ»-ի կանոնները արգելում են քաղաքական ենթատեքստ ունեցող ու վիրավորական արտահայտություններ պարունակող կատարումները:

«Եթե դուք ուշադրությամբ զննեք երգի տեքստը, որեւէ սխալ բան չեք գտնի, սա երգ է ուրախ տրամադրության մասին եւ որեւէ ընդհանուր բան չունի քաղաքականության կամ քաղաքական գործիչների հետ», - «Ռոյթերզ» գործակալությանը ասել է Վրաստանի հանրային հեռուստատեսության միջազգային ծրագրերի տնօրեն Ռատիա Ուզնաձեն:

Պրոդյուսերներն ու երգի կատարողները, սակայն, հակառակն են պնդում. - «Քանի որ Վրաստանը որոշել է մասնակցել այդ մրցույթին, մենք պետք է հստակ ուղերձ հղենք Եվրոպային, եւ ամենից առաջ` Մոսկվային», - ասում է պրոդյուսերը` Կախա Ցիցկարիձեն եւ ընդգծում. - «Կարծում եմ, յուրաքանչյուր ոք կհասկանա` ինչ ենք մենք ուզում ասել: Մեզ համար շատ կարեւոր է փոխանցել Վրաստան երկրի տեսակետը»:

«Կարծում եմ, այս երգը առանձնահատուկ ընդունելության կարժանանա», - հայտարարել է երգը ընտրող ժյուրիի նախագահը` բրիտանացի պրոդյուսեր Սթիվեն Բադն ու հավելել. - «Սա ոչ միայն հաճելի երգ է, այլեւ որոշակի քաղաքական ուղերձ է պարունակում»:

Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG