Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. «Անցած մեկ տարին ճանաչողության, ճշմարտության բացահայտման տարի էր»


Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանի գնահատմամբ` 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից անցած մեկ տարին «ճանաչողության տարի էր, ճշմարտության բացահայտման տարի, կեղծիքների բացահայտման տարի»:

«Այսինքն, ժողովուրդը հասկացավ` ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին», - պարզաբանեց Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` հավելելով. - «Եվ առաջիկա մարտի 1-ը լինելու է այդ բազայի վրա, այդ հողի վրա, այսինքն` ճշմարտությունների բացահայտման արդյունքում կազմակերպվող միտինգ է սա: Մի տարին կարճ, բայց համոզիչ կերպով բոլորին ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել»:

ՀՀՇ-ի վարչության անդամի համոզմամբ` «մեկ տարվա ընթացքում իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ դժգոհ մասսայի քանակը 30-40 տոկոսով ավելացել է». - «Մարդիկ հետեւողական, նպատակային քայլերով, կոնկրետ գործողություններով արեցին այնպես, որ ժողովուրդը ե’ւ ճանաչեց իրենց, ե’ւ տեսավ, ե’ւ իմացավ «Մարտի 1»-ի կազմակերպիչներին, եւ ավելացրին ընդդիմադիրների քանակը նաեւ մնացած բոլոր այլ գործողություններով` տնտեսության ոլորտում, արտաքին քաղաքականության ոլորտում, ժողովրդավարության ոլորտում, քաղբանտարկյալների հետ: Դրանք հստակ կատարված քայլեր են, որոնցով իշխանությունը ավելացրեց ընդդիմադիրների քանակը»:

Նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրած գործիչների` անցած մեկ տարվա գործողությունները գնահատելու խնդրանքին ի պատասխան, Արամ Մանուկյանը հայտարարեց. - «Ես որեւէ թեկնածու` ոչ թե որպես անձ, այլ որպես թեկնածու, լուրջ չեմ համարում. կա իշխանական մեկ թեկնածու, նրան աջակցող թեկնածուներ, եւ ընդդիմադիր միասնական թեկնածու: Այսինքն` երկու թեկնածուի խնդիր է, այլ թեկնածուներ չկան: Ոչ մեկի անձը վիրավորելու խնդիր չունեմ: Որպես թեկնածու` չի եղել: Եղել են երկու` ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուներ»:

«Մեկ տարին ընդունելով որպես բազա` ինչո՞վ կարելի է առաջ գնալ», - այս հարցին ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «Ժողովուրդն է թելադրում, ժողովուրդը կանգնած է, ժողովուրդը ըմբոստ է, ժողովուրդը փոփոխությունների կարիք ունի, ժողովուրդը ժողովրդավարության սով ունի, կարիք ունի, եւ դա է խնդիրը: Մեզ առաջնորդողը Հայաստանի ժողովրդավարացումն է, Հայաստանի նորմալ երկիր դառնալն է, սահմանադրական երկիր, կանխատեսելի երկիր ունենալն է: Այլ մոտիվացիա, այլ մղիչ ուժ մենք չունենք»:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսելով երեկվա միջադեպի մասին, երբ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները կատաղի ձեւով հարձակվեցին 20-21 տարեկան աղջիկների եւ տղաների վրա եւ, կոտրելով նրանց ցուցապաստառները, թույլ չտվեցին բողոքի ակցիա անցկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ, Մանուկյանը ասաց, թե դրանից կրկին տուժեց «միմիայն Հայաստանի հեղինակությունը», քանի որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանի եւ նրա ղեկավար Վալերի Օսիպյանի գործողությունների մասին տեղեկացվեցին նաեւ Հայաստանում գտնվող եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները` այդ թվում նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«Ոստիկանության մեծամասնությունը` սպաները հիմնականում, նորմալ են իրենց պահում», - ասաց Մանուկյանը: - «Մի քանիսը խայտառակում են ոստիկանի զգեստը, խայտառակում են սպայի ուսադիրը, խայտառակում են Հայաստանը: Երեկվա դեպքը ամբողջ Հայաստանում տարածվեց շատ արագ, երեկվա դեպքը տարածվեց նաեւ Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների մոտ: Նրանք ոչ թե մեզ են վնասում, որ փորձում են իբր թե [մարտի 1-ին նախատեսված] միտինգը նախապես հոգեբանորեն ճնշել, այլ Հայաստանի վարկն են գցում մինչեւ վերջ: Եվ խելառը ոչ թե սրանք են, այլ սրանց հրաման տվողները»:


Տաթեւիկ Լազարյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG