Մատչելիության հղումներ

«Գործարարի դստեր փոխարեն հանցագործները… ոստիկան են առեւանգել»


Մոսկվայի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, բացահայտել եւ ձերբակալել են մի ավազակախումբ, որի կազմում են եղել միլիցիայի կապիտան, գովազդային մենեջեր եւ երկու կովկասցի:

Ավազակախումբը փորձել է առեւանգել ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող «Լուդինգ» խոշոր ընկերության սեփականատեր Արթուր Վարժապետյանի 17-ամյա դստերը` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանող Լիլիին` հետագայում գործարարից 10 միլիոն եվրո փրկագին պահանջելու նպատակով:

Ըստ թերթի, իրավապահները փայլուն գործողություն են իրականացրել: Նրանք հանցագործների մտադրության մասին տեղեկություններ են ստացել դեռ երկու ամիս առաջ եւ սպասել են առեւանգման օրվան:

«Ավազակներից մեկը` Ներքին գործերի նախարարության արտագերատեսչական պահակային ծառայության կապիտան Արիսովը երկու տարի շարունակ պատասխանատու էր մեր ղեկավարի անվտանգության համար»,- ասել է Վարժապետյանի տեղակալ Միխայիլ Ղազարյանը եւ ավելացրել. - «Հանկարծ նա անհետացել էր, եւ որոշ ժամանակ անց մենք տեղեկացանք, որ առեւանգում է ծրագրում: Մենք անմիջապես դիմեցինք ոստիկաններին»:

Թերթը նաեւ նկարագրում է ավազակներին բացահայտելու գործողությունը: Առեւանգումը երկուշաբթի օրը պետք է իրականացնեին ատրճանակով զինված երկու ավազակներ: Գործարարի դստերը փոխադրող մեքենան մոտեցել է Դմիտրովսկի մայրուղու մոտ գտնվող առեւտրի կենտրոնին:

Լիլին ներս է մտել եւ անմիջապես թաքնվել է զուգարանում, որտեղ նրան սպասել է աղջկան արտաքինով նման միլիցիայի աշխատակցուհին: Նրանք փոխանակել են հագուստները: Միլիցիայի աշխատակցուհին ապահովության համար նաեւ կեղծամ է դրել եւ դուրս է եկել շենքից: Ավազակները հարձակվել են միլիցիայի աշխատակցուհու վրա եւ նրան փոխադրել մեքենա: Հենց այդ պահին էլ օպերատիվ աշխատողները շրջապատել են մեքենան ու ձերբակալել են ավազակներին:

Հարուցվել է քրեական գործ, ավազակներին ներկայացվել է մեղադրանք «շահադիտական նկատառումներով զինված խմբով մարդ առեւանգելու» հատկանիշով: Մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալներից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել մինչեւ 15 տարվա ազատազարկման:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG