Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը «ռազմական լուծում չունի»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), 3ուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզան (Միացյալ Նահանգներ) այսօր համատեղ հայտարարություն են տարածել` վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը «ռազմական լուծում չունի»:

«Չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքով 2008 թվականի դեկտեմբերի 24-ին եւ 29-ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի», - ասված է հայտարարությունում: - «Համանախագահները ընդգծում են, որ հակամարտության արդար եւ հարատեւ կարգավորման առանցքային տարրը ուժի գործադրման բացառումն է»:

«Նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը օգտակար եւ կառուցողական են որակել Ցյուրիխում հունվարի 28-ին տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումը, որի ավարտին նրանք վերահաստատել են իրենց հավատարմությունը Մինսկի խմբի խաղաղ գործընթացին: Դրան հաջորդել են նախագահների հայտարարությունները, որոնցով Ալիեւը եւ Սարգսյանը իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը եւ խնդրել են համանախագահներին ակտիվացնել ջանքերը` Հիմնարար սկզբունքների շուրջ դեռեւս առկա տարաձայնությունները հաղթահարելու գործում», - ասված է հայտարարությունում:

«Համանախագահները մինչեւ փետրվարի վերջը կայցելեն տարածաշրջան` օգնելու համար կողմերին վերջնական տեսքի բերելու Հիմնարար սկզբունքները: Մինսկի խմբի համանախագահները թույլ չեն տա խաղաղության գործընթացը խոչընդոտել պատմական քննարկումներով, թեպետ նրանք շարունակելու են նրբանկատություն դրսեւորել կողմերի արտահայտած պատմական մտահոգությունների հանդեպ, որոնք պետք է պատշաճ ձեւով քննարկվեն: Համանախագահները հույս են հայտնում, որ ՄԱԿ-ում շրջանառվող վերոնշվյալ երկու զեկույցները չպետք է ազդեն բանակցային գործընթացի վրա, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ քաղաքական կարգավորումն է, որին երկու նախագահներն իրենց հավատարմությունն են հայտնել 2008 թվականի նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագրով», - եզրափակել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG