Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանցի վերլուծաբանի կարծիքով, տարածաշրջանային համագործակցությունը պայմանավորված է Ղարաբաղյան կարգավորման հարցում «դրական տեղաշարժերով»


Վրաստանի հանրապետական կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Իվլիան Խաինդրավայի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում դրական տեղաշարժը անհրաժեշտ նախապայման է Հայաստան - Վրաստան - Ադրբեջան եռակողմ ձաչափում լիարժեք համագործակցություն ծավալելու համար:

«Առանց դրա դրական ակնկալիքներ չեն կարող լինել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Խաինդրավան:

Իվլիան Խաինդրավան մատնանշեց որոշ հանգամանքներ, որոնք օբյեկտիվորեն խոչընդոտում կամ դանդաղեցնում են ընդհանուր տարածաշրջանային համագործակցությունը: Խոսքը, առաջին հերթին, անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու ձգտումների մասին է: Այդ ձգտումները, նրա համոզմամբ, չեն նպաստում ընդհանուր` տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը, ապա եւ` Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդարձակումը, վրաց քաղաքագետի համոզմամբ, առավել պայթյունավտանգ դարձրեց իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը, ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) շրջանակներում, շարունակում է ամրապնդել իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. արդեն որոշում է ընդունվել կոլեկտիվ զինստորաբաժանումների ստեղծման մասին: Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են ստեղծել նաեւ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ:

Այս պայմաններում, Խաինդրավայի համոզմամբ, շատ դժվար է խոսել տարածաշրջանի համագործակցված զարգացման մասին. - «Ուստի հարկ է օգտագործել գոնե հարաբերությունների երկկողմ ձեւաչափերի ընձեռած հնարավորությունները»:

«Այն, որ Վրաստանի արտգործնախարարի [վաղը սպասվող] պաշտոնական այցին գրեթե անմիջապես հետեւելու է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ցույց է տալիս, թե որքան կարեւոր են Հայաստան - Վրաստան հարաբերությունները, որոնք, առնվազն երկկողմ ձեւաչափում, զարգացման մեծ ներուժ ունեն», - շարունակեց Խաինդրավան: - «Ես շատ կցանկանայի, որ երկու հարեւան ժողովուրդները տեսնեին այդ համագործակցության կոնկրետ պտուղները»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG