Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապահները խոչընդոտեցին երիտասարդական կազմակերպության բողոքի ակցիան


Իրավապահները այսօր խոչընդոտեցին 2008 թվականի նախագահական ընտրությունների առաջին տարելիցի կապակցությամբ «Հատուկ գունդ» երիտասարդական կազմակերպության` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ծրագրված բողոքի ակցիայի անցկացումը:

Ակցիային միացել էին նաեւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւը, «Հիմա» նախաձեռնությունը, ՀՀՇ-ի երիտասարդական թեւը, այլ երիտասարդական կազմակերպություններ:

Թեեւ միջոցառումը նախատեսված էր ժամը 2-ին, բայց մասնակիցները «Ամոթ ԿԸՀ-ին» պաստառներով Կորյունի փողոցում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի շենքից դուրս եկան մոտ 40 րոպե ուշացումով: Ընդամենը մի քանի մետր առաջ եկան դեպի Մոսկովյան պուրակը, որտեղ գտնվում է ԿԸՀ-ի շենքը, եւ ոստիկանները կոպտորեն փակեցին նրանց ճանապարհը` հետ մղելով ու կոտրելով երիտասարդների պաստառները:

Վրդովված ցուցարարները սկսեցին վանկարկել «Սերժիկ, հեռացիր»:

Երիտասարդների հետ էին նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ՀՀՇ-ի վարչության անդամ Արամ Մանուկյանը:

«Որոշումը ցույց տվեք, որ եկել եք հարձակվել եք երիտասարդների վրա», - իրավապահներից պահանջեց Զարուհի Փոստանջյանը, ինչին ի պատասխան, իրավապահներից մեկը ասաց. - «Մենք չենք հարձակվել: Ձեր աչքին է երեւացել... Հալյուցինացիայի մեջ եք, երեւի»:

«Իրենք, հատուկ միջոցներով հավանաբար, հարձակվում են երիտասարդների վրա, որոնք խաղաղ իրենց սահմանադրական իրավունքներն են իրականացնում», - արդեն «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փոստանջյանը` հավելելով. - « Տեսա ինչպես ոստիկանները, հատկապես Բազազ անունով ոստիկանը, Մելքոնյանը է ազգանունը, հարձակվում էր երիտասարդների վրա, կոտրեց նրանց ձեռքի եռագույն դրոշը, պլակատները»:

«Սա միայն [Հայ ազգային կոնգրեսի] գրասենյակի վրա գրոհ չէ», - շարունակեց պատգամավորը: - «Առաջին հերթին` 20 տարեկան երիտասարդների վրա: Ես տեսա ոստիկանները ինչպես էին գրոհում: Երիտասարդները ստիպված մտել են այս շենքի մուտքը... Երիտասարդները երեւի 50 հոգի էին, իսկ ոստիկաններից 250 հոգի մարդ է այստեղ հավաքված»:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանը. - «Ոչ, արտոնված երթ չէ: Նախագահի հասցեին լկտի արտահայտություններ արեցին, մենք էլ չթողեցինք»:

«Խախտել են հասարակական կարգը», - հավելեց Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: - «Մարդկանց քայլելու ճանապարհն էլ են փակել»:

Արամ Մանուկյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ակցիան օրենքի շրջանակում էր, իսկ ոստիկանների գործողությունները որակեց «վայրագության, այլանդակության» դրսեւորում:

Նրա կարծիքով, այսօրվա միջադեպն ուղղակիորեն կապված է մարտի 1-ին սպասվող հանրահավաքի հետ. - «Ես եզրակացնում եմ, որ սա զուտ վախի դրսեւորում է: Ահաբեկված են ուղղակի իշխանությունները: Սպասվելիք միտինգը, իրենք էլ գիտեն, ինչպիսին է լինելու, գիտեն, ինչքան մարդ է մասնակցելու, ինչպիսի դժգոհություն կա իշխանությունների նկատմամբ: Ամսի մեկը կայանալու է, ժողովրդին մեկ տարի առաջ չեն [կարողացել] վախեցնել, խեղճացնել: Նման փոքր բաներով, բնականաբար, չեն կարող խեղճացնել: Ըմբոստացման բոլոր դրսեւորումները Հայաստանի օրենքների սահմաններում լինելու են»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG