Մատչելիության հղումներ

Թուրքիայի կրթության նախարարությունը դադարեցրեց դպրոցներում վիճահարույց ֆիլմի տարածումը


Թուրքիայի կրթության նախարարությունը դադարեցրել է հայկական հարցին վերաբերող վիճահարույց «փաստագրական» ֆիլմի տարածումը տարրական դպրոցներում` կրթօջախներում դրա պարտադիր ցուցադրման դեմ հայ համայնքի եւ մտավորականության ընդվզման արդյունքում:

«Հյուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, նախարարությունը երեկ հայտարարել է, թե ֆիլմը դպրոցներին էր ուղարկվել ուսուցիչների, այլ ոչ թե աշակերտների դիտման համար: «Չկար որեւէ հրահանգ, ըստ որի` ֆիլմի ցուցադրումը դպրոցներում պարտադիր է: Սակայն որոշ դպրոցներ ճիշտ չեն օգտագործել ֆիլմը», - վստահեցրել է նախարարությունը իր հայտարարությունում:

Թուրքական նույն պարբերականի փոխանցմամբ, սակայն, հունվարի վերջին կրթության նախարարությունը երկրի բոլոր դպրոցներին գրավոր հայտարարություն էր հղել, որում տեղեկացրել էր զինված ուժերի գլխավոր շտաբի նկարահանած «Սարը Գելին. հայկական հարցի իրական դեմքը» ֆիլմը անցած տարվա հունիսից կրթօջախներում շրջանառության մեջ դնելու մասին, տնօրեններից պահանջել էր ցուցադրել ֆիլմը բոլոր աշակերտներին եւ մինչեւ փետրվարի 29-ը «ամփոփիչ զեկույց» ներկայացնել համապատասխան վերադաս կառույցներին:

Գիտնականները քննադատել էին ֆիլմը, որում արտացոլված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը: «Աշակերտներին ստիպում են դիտել այդ ֆիլմը, որը, անկասկած, գիտականորեն հիմնավորված չէ: Դա կարող է միայն զարկ տալ հայերի դեմ ատելությանը եւ խտրական վերաբերմունքին», - հայտարարել էր, մասնավորապես, Թուրքիայի պատմական հիմնադրամը:

Ստամբուլի «Քյուլթյուր» համալսարանի դասախոս Մենսուր Ակգյունը, իր հերթին, ընդգծել էր. - «Մի ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարելավվում են, սխալ է քարոզչական նյութեր տարածելը, մանավանդ` երեխաների շրջանում»:

«Ռադիկալ» թերթի փոխանցմամբ` հայ համայնքի ներկայացուցիչների եւ մտավորականների 500 ստորագրություններով նամակ էր ուղարկվել վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որի հեղինակները խնդրում էին գոնե հայկական դպրոցների եւ աշակերտների համար բացառություն անել եւ նրանց հնարավորություն տալ չդիտելու ֆիլմը, որպեսզի նրանք «մեղավոր չզգան, չամաչեն եւ իրենց մյուսներից օտարված չհամարեն»:

Իսկ «Յենի Շաֆաք» թերթի հոդվածագիր Ալի Բայրամօղլուն տեղի ունեցածը համարել էր ամբողջատիրական պետությանը հատուկ երեւույթ, քանի որ «դա արվում է պաշտոնական գաղափարախոսությունը եւ հասարակական կարծիքը լրիվ նույնական դարձնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG