Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի խորհրդարանը հաստատեց ամերիկյան ռազմակայանը փակելու որոշումը


Ղրղըզստանի խորհրդարանը այսօր հաստատել է կառավարության որոշումը ամերիկյան «Մանաս» ռազմաօդային բազան փակելու մասին:

Հունվարի վերջին Ղրղըզստանի կառավարությունը որոշել էր վեց ամսվա ընթացքում փակել ռազմաբազան, որը Աֆղանստանում գործող արեւմտյան կոալիցիայի համար թիկունքային ապահովման առանցքային կետերից մեկն է:

Անկախ վերլուծաբանների կարծիքով` պաշտոնական Բիշքեկը ամերիկացի զինվորականներին երկրից դուրս է հրավիրում ռուսական կողմի ճնշման ներքո: Մասնավորապես, Ղրղըզստանի կառավարությունը այս որոշումը կայացրեց նույն օրը, երբ Ռուսաստանը հայտարարեց երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, սակայն, հերքում է ռուսական կողմի ներգրավվածության մասին բոլոր պնդումները` հայտարարելով, թե միակ խնդիրը «Մանաս»-ի օգտագործման դիմաց ամերիկյան կողմի վճարած ցածր գինն է:

«Որեւէ քաղաքական հարց կամ տարաձայնություն Ղրղըզստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գոյություն չունի: Խնդիրը զուտ տնտեսական է: Թե’ Քոնդոլիզա Ռայսին, թե’ պաշտպանության նախարար Գեյթսին, թե’ Բիշքեկ ժամանած ամերիկացի սենատորներին ես շարունակ ասել եմ` եկեք վերանայենք համաձայնագրի դրույթները, ժամանակներն են փոխվել, գներն են ի վերջո փոխվել», - ասել է Ղրղըզստանի նախագահը:

Իրաքում եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Դեյվիդ Պետրեուսի` վերջերս Ուզբեկստան կատարած այցը շատերը մեկնաբանեցին այն համատեքստում, թե ամերիկացիները Կենտրոնական Ասիայում ռազմաբազայի տեղակայման նոր վայր են որոնում:

Տաշքենդում ամերիկյան դեսպանատան խոսնակ Մոլի Սթիվենսոնը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է լուրերը, թե Պետրեուսի եւ նախագահ Իսլամ Քարիմովի հանդիպման գլխավոր թեման Ուզբեկստանում ամերիկյան ռազմակայանի հնարավոր տեղակայման հարցն էր:

«Ես չէի ցանկանա շահարկել, թե ապագայում ինչ կլինի, համենայնդեպս` գեներալ Պետրեուսը հատուկ [Ուզբեկստանում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու] հարցը քննարկելու համար չէր եկել Տաշքենդ», - ասել է ամերիկացի դիվանագետը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG