Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի մեկնաբանը, հետադարձ հայացք ձգելով մեկամյա իրադարձություններին, ամփոփում է. - « Ոչ ոք չի կարող ժամանակը կանգնեցնել: Բայց այնպես անել, որ մարտի 1 չլիներ` կարող էր: Հիմա երիցս էլ ուզենանք վերադառնալ այդ օրվա մեջ ու նորից ճամփա ընկնել, սկսել մաքուր էջից, որ չլինեին զոհերը, չլինեին նրանց հարազատների չներող հայացքները, չլինեին երկրին ամոթ բերող բանաձեւեր ու զանազան «իմպրտնի» ապսպրանքներ, ու երկրի նոր ընտրված նախագահը հանգիստ խղճով ձեռնամուխ լիներ այս փոքրիկ երկրի մեծ պրոբլեմները լուծելու` չենք կարող»:

«Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց ապրիլի 9-ին, սակայն, ըստ ավանդույթի, ընդունված է նախագահության առաջին արդյունքները ի մի բերել ընտրությունների նախօրեին, որը լրանում է փետրվարի 19-ին: Փետրվարյան եւ ապրիլյան ամսաթվերի միջեւ ժամանակահատվածը իր մեջ ներառում է մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, եւ զարմանալի չէ, որ երդման արարողությունից անմիջապես հետո հասարակության մեջ խոսեցին այն մասին, որ նոր իշխանությունը ժամանակի եւ վստահության դեֆիցիտի խնդիր ունի: Ակնհայտ չափազանցություն կլինի պնդելը, թե Սարգսյանին արդեն հաջողվել է կրճատել իշխանության եւ ժողովրդի միջեւ ջրբաժանը: Սակայն այն հարցում, որ ետընտրական հանրահավաքները գնալով դառնում էին ավելի սակավամարդ, իսկ հոկտեմբերի 17-ին վերջնականապես վերացան, անխոս, նախագահի արժանիքն էր, ով հետաքրքրված էր հարկային կարգապահության բարձրացման եւ տնտեսական պայմանների ու արդար մրցակցության մեջ: Հասարակության մտածող մասը, որը չէր կրում ատելության լեւոնական քարոզչության բեռը, հավատաց կոռուպցիայի, հովանավորչության եւ այլ բացասական երեւույթների դեմ ոչ միայն խոսքով, այլեւ գործով պայքարելու նախագահի մտադրությանը»:

«Հայոց Աշխարհ»-ում անցած մեկ տարվա գնահատականն է տվել պատգամավոր (ՀՀԿ) Ռազմիկ Զոհրաբյանը: Նա ասում է. - «Ինչ խոսք, մարտի 1-ի իրադարձությունների, այս դատավարությունների, մարդու իրավունքների հետ կապված՝ որոշակի խնդիրներ ունեցանք եվրոպացիների հետ, բայց գլոբալ առումով իրենք այդ խնդիրները, կարծում եմ, էական չեն համարում։ Ի վերջո, դրանք լուծելի հարցեր են։ Հայաստանը այդ ուղղությամբ աշխատում է, որոշակի քայլեր է ձեռնարկում ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների իրականացման համար: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, քանի դեռ կա մարդկությունը, դրանք խախտվելու են, եւ Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ»:

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին` ինչպե՞ս են պատրաստվում նշել նախագահական ընտրությունների մեկ տարին, ասել է. - «Մենք եւ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատել ենք նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երդմնակալության արարողությունից հետո, ունենք քննություն 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այսպես ասած, մենք քեֆ անելու եւ խրախճանքներ կազմակերպելու ժամանակ չունենք: Եվ վստահ ենք, որ նշելու լավագույն ձեւը մեր լավ աշխատանքն է»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Թե ներկայումս որքան է դոլարի գինը Հայաստանում, հնարավոր չէ պարզել: Մեկ դոլարը` 305 դրամ փոխարժեքը այնքան կեղծ է, այնքան արհեստական, որ եթե մի պահ Կենտրոնական բանկը խելքի գա ու վերադառնա շուկայական մեխանիզմներին, այսինքն` «լողացող փոխարժեքին», հնարավոր չէ ասել, թե ինչ կկատարվի դրամի հետ: Այն կարող է այնպես պայթել, որ հաշված ժամերի ընթացքում Հայաստանի ամբողջ ֆինանսական համակարգը հիմնահատակ կփլուզվի: Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ դոլարը 305 դրամ ցուցանիշի վրա պահելու նպատակով իրականացվող այս քայլերը է’լ ավելի են նվազեցնում այդ իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Այսինքն` այդ հնարավորությունները ամեն օր, ամեն ժամ գնալով նվազում են»:

Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է թեման. - «Մեզ, անկեղծ ասած, դրամի փոխարժեքն ազատ թողնելու ճանապարհով տնտեսությունը աշխուժացնելու հեռանկարը հավատ չի ներշնչում: Եթե վաղը դոլարն արժենա, ասենք, 500 դրամ, դրանից Հայաստանի տնտեսության վիճակը չի լավանա: Հայաստանն այլեւս տնտեսություն չունի, եւ պատճառը, ի դեպ, համաշխարհային ճգնաժամը չէ: Հայաստանի տնտեսությունը հետեւողականորեն վերացվել է մոտավորապես 2001-2002 թվականներից սկսած, երբ քաղաքական որոշում է ընդունվել, որ Հայաստանին ոչ թե տնտեսություն է պետք, այլ տրանսֆերտների վրա կառուցված տնտեսական աճ»:

Գյումրիի «Հինգշաբթի» շաբաթաթերթը գրում է. - «Գազի սակագինը բարձրանում է, բայց չէ՞ որ գոնե այս պարագայում մեր երկիրը պետք է որոշակի արտոնություններից օգտվեր` թեկուզեւ Ռուսաստանի բարեկամը լինելով: Առայժմ չենք զգում, որ ինչ-որ դրական միտումներ նկատվեն մեր երկրի հանդեպ: Իսկ ժամանակ համարյա չի մնացել: Ժողովրդի համար բոլորովին միեւնույն է, թե ում հետ բարեկամություն կանի մեր կառավարությունը: Շարքային հայն ուզում է մարդավարի ապրել, անվստահություն չունենալ ապագայի նկատմամբ, չքոչել իր հայրենիքից` ափսոսանքի ու դժգոհության միախառնված զգացմունքներով»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG