Մատչելիության հղումներ

Հովհ. Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է «Գիրք նվիրելու օր»


Վաղը` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի օրը, Հայաստանի գրողների միությունը, Թումանյանի տուն-թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը, «Գիրք» հիմնադրամը, Հայաստանի մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները հայտարարել են «Գիրք նվիրելու օր»:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի համոզմամբ, իրենց նախաձեռնությունը կվերածվի մի գեղեցիկ ավանդույթի:

«[Նախաձեռնությունը] Գրքի հանդեպ հասարակական ուշադրությունը սեւեռելու հասարակական շարժում է», - հավելեց նա:

Վաղը Հայաստանում եւ Արցախում դպրոցների երրորդ դասը նվիրված է լինելու Հովհաննես Թումանյանին: Գրողների պատվիրակությունները գրքեր կնվիրեն դպրոցների ու մարզային գրադարաններին` շուրջ 15 հազար կտոր գիրք:

Մեծ բանաստեղծի ծննդյան օրը տեղի կունենան բազմաթիվ հոբելյանական միջոցառումներ: Թումանյանի ստեղծագործական խնդիրներին նվիրված գիտաժողով կկայանա Երեւանի պետական համալսարանում, որտեղ կբացվի նաեւ «Վերնատուն» ընթերցասրահը: Նույնանուն ընթերցասրահ կբացվի Հյուսիսային համալսարանում, որտեղ նույնպես Թումանյանին նվիրված գիտաժողով է անցկացվելու:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG