Մատչելիության հղումներ

Բաքուն հռչակվեց իսլամական մշակույթի մայրաքաղաք


Բաքուն այսօր հռչակվել է իսլամական մշակույթի 2009 թվականի մայրաքաղաք:

Հեյդար Ալիեւի անվան պալատում կայացած հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իսլամական կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ԻՍԵՍԿՕ) գլխավոր քարտուղար Աբդուլազիզ բին-Օսմանա ալ-Թուվեյջրին, իսլամական երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ եվրոպական մշակույթի 2009 թվականի մայրաքաղաք Լինցի եւ Բաքվի քույր քաղաք Հյուսթոնի ներկայացուցիչներ:

Բաքուն իսլամական մշակույթի այս տարվա մայրաքաղաք է ընտրվել 2007 թվականի նոյեմբերին Տրիպոլիում կայացած` Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների մշակույթի նախարարների հանդիպման ժամանակ:

Տարվա ընթացքում նախատեսվում են 100-ից ավելի միջոցառումներ, այդ թվում` միջազգային մակարդակի:

Այսօրվա միջոցառման ժամանակ իր ելույթում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ թեեւ Ադրբեջանը երիտասարդ անկախ պետություն է, այն շարունակում է իր նպաստը բերել իսլամական երկրների համերաշխության եւ միասնության ամրապնդմանը: Նրա խոսքերով` իսլամական երկրները պետք է բոլոր ուղղություններով սատարեն միմյանց, այդ երկրների համերաշխությունը միջազգային ասպարեզում անհրաժեշտ է աշխարհում խաղաղության եւ կայունության համար:

«Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի արդյունքում գրավյալ տարածքներում ավերվում են պատմական հուշարձաններ, մզկիթներ, թանգարաններ: Անկասկած, զավթված տարածքների ազատագրումից հետո Ադրբեջանը կվերականգնի ավերված պատմական, մշակութային հուշարձանները: Սակայն դրա համար պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - «Թրենդ» գործակալության վկայությամբ` իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG