Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղարաբաղ


Վաղը երկօրյա պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղ կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սա?ֆարյանը, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Հինգշաբթի օրը Ստեփանակերտում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առանձնազրույց կունենա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Նույն օրը Հովիկ Աբրահամյանի եւ Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի կունենա երկու խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստը:

Փետրվարի 20-ին պատվիրակության անդամները կայցելեն շփման գոտի, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին:

Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Շուշի, կայցելի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ կհանդիպի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG