Մատչելիության հղումներ

«Հայռուսգազարդ»-ի հայտը կքննարկվի փետրվարի 27-ին


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայռուսգազարդ»-ի հայտը կքննարկի փետրվարի 27-ին կայանալիք նիստում:

«Մեր վերջնական դիրքորոշումը հայտնի կդառնա այդ օրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: - «Այսօր [սակագնի] որեւէ մեծության մասին խոսել ես չեմ պատրաստվում մի պարզ պատճառով, որովհետեւ կարող եմ ասել մի թիվ, որը ճիշտ չլինի, որովհետեւ աշխատակազմը դեռեւս աշխատում է»:

Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատակազմը «շատ ինտենսիվ է աշխատում», որպեսզի հասցնեն մինչեւ ամսվա վերջը «բոլոր հարցերի պատասխանները գտնել համապատասպան որոշումներով». - «Քանզի ապրիլի 1-ից մենք դատապարտված ենք «Հայռուսգազարդ»-ի համար ունենալ նոր սակագին` դրանից բխող մյուս հետեւանքներով»:

Հայտը հանձնաժողովում այսօր քննարկվի սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների եւ «Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ կնքված պայմանագրով Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը գալիք ապրիլի 1-ից կկազմի 154 դոլար 1000 խորանարդ մետրի համար` ներկայիս 110-ի փոխարեն:

Հայտում նշված է, որ ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառող բաժանորդներին (այն է` բնակիչներին) վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի սակագինը պետք է կազմի 99 հազար դրամ` մինչեւ այժմ գործող 84 հազարի փոխարեն:

Բարձրանում է նաեւ 10 հազար խորանարդ մետրից ավելի ծախսող բաժանորդներին, այսինքն` արտադրական ձեռնակություններին վաճառվող գազի սակագինը` 153-ից դառնալով 230 դոլար 1000 խորանարդ մետրի համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը համաձայնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի` անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնչեցրած կարծիքին, թե գազի գնի թանկացումը «կտրուկ չէ» եւ հայտի հիմքում ընկած են «լուրջ ու մանրակրկիտ տնտեսագիտական հաշվարկներ»:

«Իրոք, «Հայռուսգազարդ»-ը ճիշտ է ասում` մեր սակագները ե’ւ սահմանի վրա, ե’ւ մեր կողմից սահմանվածը եւ ապագայում սահմանելիքը շատ ավելի ցածր են, քան մեր տարածաշրջանի շատ երկրներում», - ասաց Նազարյանը:

«Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ կնքված մեկ այլ պայմանագրով, հաջորդ տարվա ապրիլի 1-ից կրկին թանկանալու է Հայաստան մատակարարվող գազի գինը` կազմելով 200 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար:

Իսկ այս տարվա ապրիլի 1-ի թանկացմանը կարող է հետեւել ջրի սակագների բարձրացում:

«Հայջրմուղկոյուղի»-ն դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 29-ին է սակագնի վերանայման հայտ ներկայացրել: Ամսի 27-ի օրակարգում կունենանք նաեւ «Հայջրմուղկոյուղու» սակագնի մեծության մասին հարցը նաեւ», - ասաց Ռոբերտ Նազարյանը: - «Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք «Հայռուսգազարդ»-ի հայտը... 10 հազար եւ ավելի խորանարդ մետր ծախս ունեցող բաժանորդների համար սակագինը սպասվում է, որ կբարձրանա, բնականաբար, այդ բաժանորդների թվում են դասվում նաեւ էներգետիկները, այսինքն` Հրազդանի ՋԷԿ-ը եւ Երեւանի ՋԷԿ-ը»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG