Մատչելիության հղումներ

logo-print
Երկօրյա պաշտոնական այցով Վարշավայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին երեկ ընդունել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է վերջին զարգացումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում:

Քննարկվել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Լեխ Կաչինսկին ողջունել է հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի նախաձեռնած քայլերը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ:

Բրոնիսլավ Կոմորովոսկին, մասնավորապես, ասել է, որ հայ ժողովրդի ներկայացուցիչները, դարեր շարունակ ապրելով Լեհաստանում, իրենց նպաստն են բերել պետության զարգացմանը, ինչի վկայությունն է նաեւ Սեյմի ներկայիս գումարման կազմում հայկական ծագումով երկու պատգամավորների առկայությունը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերին: Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի սանձազերծման փորձերը եւ ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այլեւ լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը:

Բոգդան Բորոսեւիչի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրամիության Արեւելյան գործընկերություն առաջարկը, որի համահեղինակներից է Լեհաստանը, եւ այդ շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ուր հանդիպել է գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ:

Լենարչիչը նշել է, որ սա Հայաստանի բարձաստիճան պաշտոնյայի առաջին այցն է ԺՀՄԻԳ-ի կենտրոնակայան:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը Յանեշ Լենարչիչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա, ինչը ԵԱՀԿ-ի չափանիշների բացահայտ եւ կոպիտ խախտում է:

Էդվարդ Նալբանդյանը Յանեշ Լենարչիչին հրավիրել է այցելել Հայաստան:

Նույն օրը արտգործնախարարը Լեհաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերի:

Ավարտելով այցը Լեհաստան` Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Չեխիա:


(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Լեխ Կաչինսկի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG