Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այսօրվանից մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն կշարունակվի մինչեւ մարտի 16-ի ուշ երեկո, իսկ քվեարկությունը կկայանա մարտի 18-ին:

Հանրաքվեի է դրվելու 41 փոփոխություն երկրի հիմնական օրենքի 29 հոդվածներում, իսկ ամենակարեւորը փոփոխությունների փաթեթում` նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը վերացնող դրույթն է: Եթե քվեարկողները «այո» ասեն փաթեթին, ապա նախագահ Իլհամ Ալիեւը հնարավորություն կստանա երկրի ղեկավարի աթոռին մնալ նաեւ երրորդ, չորրորդ եւ ավելի ժամկետներում, ինչն էլ ընդդիմության շրջանում մտավախություն է ստեղծել, որ Ադրբեջանը գնում է դեպի միապետություն եւ բռնապետություն:

Փոփոխությունների նախաձեռնողը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն է. այդ եւ կառավարամետ այլ կուսակցությունների ու կազմակերպությունների անդամներից էլ կազմվել են սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզող խմբերը: Նրանց համար առանձնացված են քաղաքացիների հետ հանդիպումների հատուկ վայրեր:

Ընդդիմությունը ծրագրում է փետրվարի 22-ին բողոքի ակցիա անցկացնել: Ընդդիմադիր կուսակցությունները ձեւավորել են երկու շարժում` «Հանուն հանրապետության եւ Ղարաբաղի» շարժումը` «Ազադլիգ» դաշինքի նախաձեռնությամբ, եւ «Մուսաֆաթ» կուսակցության ձեւավորած Հանրապետական շարժումը:

Սակայն հանրաքվեին ընդդիմացող գործիչները երկրում հետապնդվում են դեռ հունվարից: «Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տեղեկացրել էր, թե իշխանությունները ահաբեկում են բոլոր նրանց, ովքեր փորձում են ստորագրահավաք անցկացնել ընդդեմ հանրաքվեի: «Մուսաֆաթ» կուսակցության անդամներից մեկին էլ հունվարի 22-ին ձերբակալել են:

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 24-ին` Իլհամ Ալիեւի ծննդյան օրը, դրական եզրակացություն տվեց սահմանադրական հանրաքվե անցկացնելու` իշխող կուսակցության առաջարկին:

Հունվարի 1-ից Ադրբեջանի տարածքում եթերազրկվել են «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանները: Պաշտոնական Բաքուն չի ընդառաջում արեւմտյան ռադիոկայանների հեռարձակումը վերականգնելու` միջազգային գրեթե բոլոր կառույցների հորդորներին ու պահանջներին: Բազմաթիվ փորձագետներ սա պայմանավորում են մինչ հանրաքվեն եթերը ոչ կառավարամետ լրատվամիջոցների համար անհասանելի պահելու` Ադրբեջանի իշխանությունների մտադրությամբ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG