Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ոստիկանապետին խնդրում է ապահովել հասարակական կարգը մարտի 1-ի հանրահավաքում


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը երեկ նամակ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` տեղեկացնելով, որ մարտի 1-ին ընդդիմությունը մոտ 6 ժամանոց հանրահավաք է անցկացնելու Մատենադարանին հարող տարածքում, որին հետեւելու է նաեւ երթ:

Ընդդիմության ներկայացուցիչը ոստիկանապետին տեղեկացրել է, որ զանգվածային հրապարակային միջոցառման նպատակը 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելն է, եւ խնդրել է երթի ու հանրահավաքի ընթացքում ապահովել հասարակական կարգը:

Արտակ Զեյնալյանը, ով ավելի վաղ միջոցառման մասին իրազեկում էր ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է ներկայացրել քաղաքապետարանին ներկայացված իրազեկման փաստաթղթերը` նշելով, որ սահմանված ժամկետում քաղաքապետարանից որեւէ արձագանք չի ստացել, ինչը «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի համաձայն հիմք է հանդիսանում հանրահավաքը նշված վայրում անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը անցած շաբաթ արգելել էր Մատենադարանում կամ Հյուսիսային պողոտայում հանրահավաքի անցկացումը` պատճառաբանելով, թե մարտի 1-ին Մատենադարանում մշակութային միջոցառում է նախատեսված, իսկ Հյուսիսային պողոտայում շինարարական աշխատանքների պատճառով զանգվածային միջոցառման անցկացումը անվտանգ չէ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտակ Զեյնալյանը վերահաստատեց ընդդիմության տեսակետը` թե քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի տեղեկացրել միջոցառումն արգելելու մասին:

«Մեզ չի հետաքրքրում քաղաքապետարանի որոշումը, որն անվավեր է: Մեզ հայտնի է մեր իրավունքը: Այն պահին, երբ որ ես մուտքագրում էի իրազեկումը քաղաքապետարանի իրազեկումների համար նախատեսված վահանակի վրա չկար որեւէ որոշում այդ օրը, այդ ժամին, այդ վայրում [Մատենադարանում] հրապարակային միջոցառում անցկացնելու վերաբերյալ», - ասաց Զեյնալյանը:

Ընդդիմադիր գործիչը նաեւ նշեց, որ եթե Հյուսիսային պողոտան այսօր բաց է հետիոտնի համար, «չկա որեւէ պատճառ, որ երկու, երեք կամ հարյուր հետիոտնի համար այն անցանելի չէ»:

Արտակ Զեյնալյանը վստահություն հայտնեց, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ընդդիմության հանրահավաքը:

«Չեն խոչընդոտի: Ոստիկանները նույնպես գիտեն ժողովների մասին օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասը եւ որեւէ այլ բան տեղի պիտի չունենա, քան այն, ինչ որ նախատեսված է օրենքով», - ասաց Արտակ Զեյնալյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG