Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի փորձագետների խումբը


Փաստահավաք առաքելությամբ վաղը Երեւան կժամանի Եվրահանձնաժողովի փորձագետների խումբը` Առեւտրային հարաբերությունների գլխավոր տնօրինությունը ներկայացնող տնօրեն Եվա Սինովիչի գլխավորությամբ:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության հաղորդագրության համաձայն` երկօրյա այցի ընթացքում խումբը ինչպես փորձագետների մակարդակով, այնպես էլ բարձրաստիճան հանդիպումներ կունենա հայաստանյան իշխանությունների հետ: Քննարկումները հնարավորություն կտան Եվրահանձնաժողովին սահմանել առաջնային կարեւորության բարեփոխումները, որոնք եւ կօգնեն Հայաստանին նախապատրաստվել Եվրամիության հետ ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի մասին բանակցություններին:

Ազատ առեւտրի համաձայնագիրը, որը Եվրամիության Արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչներից է, նոր աստիճանի է բարձրացնելու առեւտրային ներկայիս կապերը` երկու կողմերին առաջարկելով արտոնյալ պայմաններ միմյանց շուկաներ մուտք գործելու համար, աջակցելով Հայաստանում տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաեւ հայաստանյան բիզնեսին ընձեռելով նոր հնարավորություններ:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության հավաստմամբ` համաձայնագիրը կտանի դեպի առեւտրի եւ տնտեսության ոլորտում Հայաստանի իրական ինտեգրում Եվրամիության հետ:

«Ազատ առեւտրի երկկողմ համաձայնագիրը ոչ միայն աստիճանաբար կվերացնի ապրանքային երկկողմ առեւտրում դեռեւս առկա սակագների կիրառումը, այլ նաեւ կապահովի ծառայությունների մատուցման ազատականացում, ներդրումների հոսք, ինչպես նաեւ Եվրամիության օրենքների եւ ընթացակարգերի հետ Հայաստանի օրենսդրության աստիճանական համապատասխանեցման միջոցով կամրապնդի համակարգային բարեփոխումները», - ասված է հաղորդագրությունում: - «Այդ կապակցությամբ Հայաստանի կառավարությանն առաջարկվել է կենտրոնացնել ջանքերը ընդունված օրենքների պատշաճ իրականացման եւ կիրարկման, ինչպես նաեւ գերատեսչական ունակությունների ամրապնդման ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG