Մատչելիության հղումներ

«Բջնի»-ն գնել է Ռուբեն Հայրապետյանը


«Բջնի» հանքային ջրերի գործարանը երեկ կայացած կրկնաճուրդով գնել է գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Կրկնաճուրդում «Բջնի»-ի մեկնարկային գինը սահմանվել էր 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ (շուրջ 14,5 միլիոն դոլար): Գնորդն առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Գնային այլ առաջարկներ չեն ներկայացվել:

Ռուբեն Հայրապետյանը, սակայն, երեկ Հայաստանում չի եղել: Գնային առաջարկը ներկայացվել է աճուրդի ավարտից մեկ ժամ առաջ:

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանն առաջին անգամ աճուրդի էր հանվել նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն, քանի որ դատարանը վարույթ էր ընդունել սնանկության հայտ, գործընթացն օրենքով կասեցվել էր: Երկրորդ անգամ «Բջնի»-ն աճուրդի հանվեց այդ տարվա հունվարի 23-ին: Այն ժամանակ գնորդ չլինելու պատճառով գործարանի գինը 10 տոկոսով նվազեցվել էր եւ կրկին դրվել աճուրդի:

Վաճառքի են հանված ընկերության` Բջնի գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանշանների իրավունքները:

Իրենք` Սուքիասյանները, ինչպես նաեւ հայաստանյան ընդդիմության շատ ներկայացուցիչներ «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական հալածանք են համարում, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (ով ներկայում հետախուզման մեջ է) անցած նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Բջնի» ընկերություն փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Սուքիասյանները փորձելու են դատական կարգով ետ վերադարձնել «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանշանների իրավունքը:

Զոհրաբյանը «անօրինական» որակեց երեկ կայացած էլեկտրոնային աճուրդը: Նրա հավաստմամբ, Սուքիասյանների ընտանիքը դիմելու է նաեւ Եվրոպական դատարան:

«Ընկերությունը վարչական դատարանում, երբ վիճարկում էր Հարկային պետական ծառայության կողմից կազմված ակտը, նաեւ, որպես փաստարկ, որպես իր դիմումի հիմք, պնդել էր, որ իր նկատմամբ խտրական դրսեւորում է կատարվել եւ դրա տակ քաղաքական ենթատեքստ է, բնականաբար, դրվել: Այդ փաստարկը վարչական դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել` ասելով, որ դա իրավական հարթության հարց չէ: Մինչդեռ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություններ պաշտպանության մասին կոնվենցիայի համաձայն, քաղաքական եւ այլ հայացքների համար արգելվում է խտրական մոտեցում ցույց տալ: Այսինքն` դա իրավական հարց է», - պարզաբանեց փաստաբանը:

Հայաստանյան խոշոր գործարարներից Հրանտ Վարդանյանը դրական գնահատեց այն փաստը, որ Ռուբեն Հայրապետյանը գնել է «Բջնի» հանքային ջրերի գործարանը:

«Պետությունը դա վաճառում է: Ի՞նչ տարբերություն, որ Հայրապետյան Ռուբիկը [Հայաստանի ֆուտբոլի] ֆեդերացիայի նախագահն է առնում կամ առնում է Վարդանյան Հրանտը կամ Պողոսյան Պողոսը: Ամենակարեւորը` որ «Բջնի»-ն շուտ բաց թողեն, որովհետեւ «Բջնի»-ն կարող է, որպես ապրանքատեսակ, որպես ազգային արժեք, մահանալ», - ասաց Վարդանյանը:

Անցած տարի, հիշեցնենք, հայաստանյան մեկ այլ խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհուրդ էր տվել իր գործընկերներին ձեռնպահ մնալ «Բջնի»-ն ձեռք բերելուց:

«Ես, որպես բարոյապես Գագիկ Ծառուկյան, Խաչիկ Սուքիասյանի ընկերն եմ եղել եւ գործընկերը: Ես երբեք ո'չ կմասնակցեմ, ո'չ էլ խորհուրդ կտամ որեւիցե մեկը այդ աճուրդին մասնակցի», - ասել էր նա:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG