Մատչելիության հղումներ

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Իրանի հետ երկխոսությանը


Gallup կենտրոնի անցկացրած վերջին հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիներն աջակցում են Իրանի հետ անմիջական երկխոսություն սկսելու մասին նախագահ Բարաք Oբամայի մտադրությանը: Այդպիսի կարծիք է հայտնել հարցվածների 56 տոկոսը, 38 տոկոսը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է խուսափի նման երկխոսությունից, իսկ 6 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել:

Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո Oբաման վերահաստատել է Իրանի հետ հարաբերություններում նոր` առավել դիվանագիտական մոտեցում որդեգրելու դիրքորոշումը, ասելով, թե «հարկ է կենտրոնանալ կառուցողական երկխոսության վրա հատկապես այն բնագավառներում, որտեղ մենք կարող ենք ուղիղ շփումներ իրականացնել»: Միաժամանակ, նա հստակ թվարկել է Իրանի հետ հարաբերությունների բարելավմանը խոչընդոտող խնդիրները` Իրանի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորումը, Իսրայելի հանդեպ բացահայտ թշնամանքը եւ միջուկային զենք ստեղծելու մտադրությունը:

Gallup-ի այս եւ անցյալ տարվա հարցախույզները վկայում են, որ ամերիկացիները հիմնականում աջակցում են Իրանի հարցում նոր վարչակազմի դիրքորոշմանը: Անցյալ տարի հարցվածների 73 տոկոսն ասել էր, թե կողմ է, որ ԱՄՆ-ը տնտեսական եւ դիվանագիտական ռազմավարությամբ Իրանին ստիպի հրաժարվել միջուկային ռումբի ծրագրից: 67 տոկոսը կողմ է, որ նախագահը հանդիպի Միացյալ Նահանգների թշնամիների համարում ունեցող երկրների ղեկավարների հետ: Ամերիկացիների համոզմամբ` աշխարհի բոլոր երկրներից նախ եւ առաջ Իրանն է սպառնում միջազգային կայունությանը: Gallup-ի նոր հարցախույզի համաձայն, ամերիկացիների 80 տոկոսը Իրանի մասին անբարենպաստ կարծիք ունի:

Gallup-ի մասնագետները հայտնում են, որ Իրանի հետ ուղիղ դիվանագիտական կապերի կողմնակիցները հիմնականում ազատական հայացքների տեր են, դեմոկրատներ են, ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն: Երկխոսությունը մերժողների մեծ մասը պահպանողական հայացքների տեր են, հանրապետական են, ավելի երիտասարդ են եւ ունեն կրթության ցածր աստիճան:

Gallup-ը վերջին հարցախույզն անցկացրել է հեռախոսով այս տարվա հունվարի 30-ին եւ փետրվարի 1-ին: Հարցերին պատասխանել է 18 տարեկանից բարձր 1027 մարդ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG