Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը իր այսօրվա հրապարակման մեջ նշել է ՀՀ ոստիկանության զորքերի 1032 եւ 1033 զորամասերի չորս ենթասպաների անունները, ովքեր մարտի 1-ին «Չերյոմուխա - 7»-ով երեք քաղաքացու են սպանել: Այս անունները հայտնել են ՀՀ ոստիկանության զորքերի թերթի աղբյուրները. - «Ոստիկանության զորքերի զինծառայողները մինչեւ անցած ուրբաթ, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ իշխանությունները չեն պատժի մարդասպաններին, հույս են ունեցել, որ, ի վերջո, իրենք ստիպված չեն լինի շարունակել ծառայել մարդասպան ենթասպաներին եւ նրանց հանցավոր հրաման տվողներին, եւ նրանց գոնե կհեռացնեն զորքերից: Ի վերջո, մարդասպանի հետ ծառայողի կյանքը մշտապես վտանգի տակ է: Իսկ թվարկված չորսին հրաման տվողներից մեկը եղել է ոստիկանության զորքերի 1033 զորամասի շտաբի պետ, փոխգնդապես Անտոնյանը»: Թերթի տեղեկություններով` «նա ամեն կերպ փորձում է թաքցնել մարտի 1-ի սպանդին իր մասնակցության աստիճանը»: «Իհարկե, Անտոնյանը հրաման տվողների շղթայի ընդամենը մեկ օղակն է», - եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Վերջին ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանի լռությունը մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախօրեին հազիվ թե կարողանա հիմնավորապես տաքացնել ինտրիգը: Դժվար չէ ենթադրել, որ մարտիմեկյանին կհետեւեն եւ մյուս հանրահավաքները, որոնց ամեն անգամ ավելի քիչ ժողովուրդ կգա եւ ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես եղել է ընդդիմության բոլոր նախորդ գարնանային եւ աշնանային հարձակումների ժամանակ: «Չի կարելի մարտի 1-ի հանրահավաքը վերածել սգո միջոցառման», - գոչում են ՀՀՇ-ական թերթերի առաջնորդողները: - «Այն պետք է պայքարի նոր փուլ նշանակի»: Հարց է ծագում` հանուն ինչի՞: ՀՀՇ-ական ագիտպրոպը այդ հարցին պատասխանում է հերթական հեքիաթներով այն մասին, որ հասարակության կողմից լեւոնական կոնգրեսին ուղղված մեսիջները պարունակում են լայն սպասումների դիապազոն: Մինչդեռ, ի տարբերություն ՀՀՇ-ական ագիտպրոպի, հիշյալ հասարակությունը մեծավ մասամբ ունի առողջ գիտակցություն եւ սթափ հիշողություն, եւ այդ պատճառով էլ զբաղված է ավելի հրատապ եւ կարեւոր գործերով, քան պետական շենքերը գրավելու ու սոցիալական ապստամբության վերաբերյալ վիրտուալ մեսիջներ ուղարկելն է»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է սփյուռքահայ լրագրող Համո Մոսկոֆյանի հետ: Վերջինս ասում է. - «Թելեթոնների ու այլ տեսակի դրամահավաքների միջոցով ամերիկահայերից դրամ կորզելուց եւ դրանք յուրացնելուց, արեւմտյան որոշակի հետախուզական կառույցների տրամադրած միլիոնավոր դոլարները «լվանալուց» հետո լեւոնական խմբերը հիմա այլ մարտավարություն են ընտրել։ Հայաստանի իշխանության դեմ ցույցեր են նաեւ ծրագրվում Գլենդելում։ Այս նպատակի համար բոլոր տեղեկությունները խեղաթյուրում են։ Նույն AMGA հեռուստաընկերությունը, որ լեւոնական գլխավոր քարոզչամիջոցն է, վկայակոչելով վերջերս փոխոստիկանապետի սպանությունը, ամերիկահայերին փորձում է համոզել, թե իշխանությունը Հայաստանում պառակտված է։ Իբր իշխանության մի թեւը մյուսի հետ հաշվեհարդար է տեսնում եւ եթե այդ իրավիճակում ժողովուրդը ոտքի կանգնի, ապա իշխանությանը հեշտությամբ կտապալի»։

«Կապիտալ»-ին բացառիկ հարցազրույց է տվել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա ասում է. - «Արդար եւ տեւական կարգավորման հասնելու համար կողմերի միջեւ պետք է լինի փոխզիջում, որն արտացոլում է հետեւյալ առանցքային կետերը. Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն այդ երկրի համար կարեւորագույն սկզբունքն է։ Սակայն ինքնորոշման սկզբունքն էլ ամենակարեւորն է Հայաստանի համար։ Երկուստեք համաձայնեցնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հաշվի առնի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման, ինչպես նաեւ ուժ չկիրառելու սկզբունքները։ Այս երեք սկզբունքը Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական դրույթներից են։ Մինսկի խմբի Հիմնարար սկզբունքների նպատակն այս երեք սկզբունքի այնպիսի հավասարակշռումն է, որն ընդունելի լինի երկու կողմի համար»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG