Մատչելիության հղումներ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին ծանուցագրեր են ուղարկվել աշխատանքից ազատման մասին


Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին ծանուցագրեր են ուղարկվել, որտեղ նշված է, թե նրանց վերջին աշխատանքային օրը մարտի 9-ն է: Կոմբինատի սեփականատեր GeoProMining ընկերության արտաքին կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, թե ծանուցագրեր ստացողների թվերը դեռ ամփոփվում են եւ աշխատանքից զրկվողների վիճակագրությունը հստակ կլինի միայն փետրվարի վերջին:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը վերջերս հանդիպել է կոմբինատի ղեկավարության հետ: Նրա տեղեկություններով` «1450 աշխատակիցներից, ըստ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կազմած պլանի, մնալու է 370 աշխատակից»:

Քաղաքապետը ներկայացրեց նաեւ Հայաստանի կառավարության իրականացրած քայլերը` կոմբինատին աջակցելու եւ աշխատակիցների ազատումը հետաձգելու հետ կապված. - «Մոտ 2 միլիոն դոլարի կարգի մեր կառավարությունը [կոմբինատին] հետ է տվել իրենց մուծած շահութահարկի կանխավճարը եւ այս վերջին երկու ամիսը իրենք դրա շնորհիվ կարողացան երկարաձգել աշխատանքի պրոցեսը»:

Այդուհանդերձ, ագարակցիները կառավարության նախաձեռնած քայլերն անբավարար են համարում:

«Իրենք իրենց համար Երեւանում որոշում են, ինչ իրենց հարմար է, այդպես էլ անում են», - «Ազատություն» ռադիոկային կարծիք հայտնեց Ագարակի հրապարակում հավաքված կոմբինատի աշխատակիցներից մեկը:

Մյուսները դժգոհեցին կոմբինատի սեփականատերերից, պնդելով, թե GeoProMining ընկերության կողմից նշանակված օտարերկրացի կառավարիչները չեն հոգում տեղացի աշխատակիցների մասին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG