Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը կներկայացնեն Ինգա եւ Անուշ Արշակյանները


Իսկ վստահությունն այս տարի երկու տարբեր աղբյուրներ էին հաստատում` sms-քվեարկություն եւ ժյուրիի որոշում` 50/50. այսպես դրվեց համաեվրոպական երգի 54-րդ մրցույթին Հայաստանի մասնակցության, հուսանք` հաղթական սկիզբը:

Արշակյան քույրերին նման մատչելի ստեղծագործություն կատարելիս դժվար է ընկալել, թեեւ անհերքելի են նրանց վոկալ տվյալները: Այդուհանդերձ, ժյուրին ու կարճ հաղորդագրություններով հասած ավելի քան 5 հազար ձայները պնդեցին, որ մրցույթին ներկայացված 21 հայտերից հենց նրանցն է լավագույնը:

Երկրորդ հորիզոնականում հայտնվեց մոսկվաբնակ երգիչ Մհերը, ում համար ավելի քան 4 հազար ձայն հանդիսատեսն էր ուղարկել, իսկ ժյուրին նրան միայն 4-րդ հորիզոնականում էր տեսել: Օրեր առաջ «Մաքսլիբերթի»-ին տված հարցազրույցում Մհերը պնդում էր, որ մենակ է հայկական շոու բիզնեսն ուղղորդող ուժերի դեմ, մրցույթի ամփոփումից հետո էլ գրեթե նույնը ասաց:

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը «կլանի» մասին Մհերի խոսակցություններին հակադարձում է ե’ւ հաղթանակը, ե’ւ պարտությունը արժանապատվությամբ ընդունելու անհրաժեշտությունն ընդգծելով, իսկ Մհերին առանձնացնում է իր լավ ձայնով ու գեղեցիկ կատարողականությամբ: Հրաչ Քեշիշյանը հուշում է, որ հեռուստատեսությունը բարդ գործիք է, որը կարող է ստեղծել ու նաեւ վերացնել աստղեր: Դեմքեր բացահայտող այդ մեդիայի դերը չթերագնահատելով` նա նաեւ հավատում է դրա անաչառությանը:

Հուրախություն շատերի, այս տարի բավական ակտիվ էր ռոք զանգվածը, ի դեմս երեք բավական հայտնի խմբերի` «Բամբիռ», The Beautified Project եւ Dorians: Երեքն էլ արժանացան համակրանքի` հայտնվելով լավագույնների տասնյակում:

Հանդիսատեսի սիրելիներից «կես տղամարդ-կես կին» կերպարում հանդես եկավ Շպռօտը` Lucky երգով, ով գուցե հենց հաջողակ լինելու պատճառով երբեք չի ընկճվում:

Մասնակիցների շարքում էր նաեւ Տիգրան Պետրոսյանը, ով Հայկոյի հեղինակած երգով, բավական հետաքրքիր շոուով ու մեծ վճռականությամբ պատրաստվել էր հաղթելու, սակայն հայտնվեց քվեարկությամբ կազմված ցուցակի միայն 6-րդ հորիզոնականում: Հրաչ Քեշիշյանը խոստովանեց, որ իր մտերիմ ընկերը զիջում էր Ինգա եւ Անուշ Արշակյաններին: Իսկ Տիգրան Պետրոսյանն էլ, գուցե խոր հիասթափության պատճառով, կանխորոշեց, որ 2009-ի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ստվերում է մնալու:


Սեդա Պապոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG