Մատչելիության հղումներ

«Բջնի» գործարանի գույքն ու գույքային իրավունքները կրկնաճուրդով վաճառվեցին


Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գռձելյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային իրավունքները կրկնաճուրդով վաճառվել են: ԴԱՀԿ-ի մամլո քարտուղարը չբացահայտեց գնորդի ինքնությունը:

«Ինքնությունը մենք չենք կարող բացահայտել, քանի որ սակարկությունների օրենքի պահանջը այն է, որ աճուրդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվում», - ասաց Գռձելյանը: ԴԱՀԿ-ի մամլո քարտուղարի փոխանցմամբ, «Բջնի» գործարանի նոր սեփականատիրոջ անունը պարզ կլինի, «երբ որ գնորդը ինքը կուզի երեւալ»:

Կրկնաճուրդում «Բջնի»-ի մեկնարկային գինը սահմանվել էր 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ (շուրջ 14,5 միլիոն դոլար): Գնորդն առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Գնային այլ առաջարկներ չեն ներկայացվել:

«Մեկ առաջարկ է եղել վերջին ժամվա մեջ», - նշեց Ռուբեն Գռձելյանը:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության ղեկավարությունը, մինչդեռ, այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ընկերության գույքի գնորդին նախազգուշացնում է` «ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ հակառակ դեպքում վերջինս ընկերության գույքը հետագայում` դատական կարգով վերադարձնելու է ընկերությանը եւ հատուցելու է ընկերության կրած վնասները»:

Հայտարարությունում, որը տրամադրել են «Սիլ» կոնցեռնի մամուլի ծառայությունից, «Բջնի»-ի ղեկավարությունը պնդում է, որ «աճուրդային գործընթացը կազմակերպվել է օրենքի պահանջների խախտմամբ», եւ ներկայումս Հայաստանի վարչական դատարանում են գտնվում ընկերության հետ կապված 8 գործեր:

Մասնավորապես, «Բջնի»-ի գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանի ստորագրած հայտարարության համաձայն, «կատարողական վարույթը պետք է կասեցվեր, քանի որ լոտի գինը ցածր էր պահանջի չափից, հարկադիր կատարողը հաշվի չէր առել վճարվելիք ավելացված արժեքի հարկը, որը կազմում է 20 տոկոս, իսկ ընդհանուր գումարի մեջ` 16,67 տոկոս»:

Բացի այդ, «Բջնի»-ի ղեկավարությունը զգուշացնում է, որ «ձեռք բերողը խնդիր է ունենալու նաեւ ապրանքային նշանների օգտագործման հետ»:

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանն առաջին անգամ աճուրդի էր հանվել հունվարի 23-ին: Այն ժամանակ գնորդ չլինելու պատճառով գործարանի գինը 10 տոկոսով նվազեցվել էր եւ կրկին դրվել աճուրդի: Իրենք` Սուքիասյանները, ինչպես նաեւ հայաստանյան ընդդիմության շատ ներկայացուցիչներ «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական հալածանք են համարում:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG