Մատչելիության հղումներ

Սուրեն Աբրահամյան.«Անիմաստ փորձաքննությամբ հանձնաժողովի անդամներին խաբեցին»


Ներքին գործերի նախկին նախարար, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի անդամ Սուրեն Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ հնարավոր է պարզել, թե ովքեր են օգտագործել «Չերյոմուխա-7» կոչվող հատուկ միջոցը, որից մարտյան իրադարձությունների ժամանակ սպանվեցին երեք երիտասարդներ` 23-ամյա Տիգրան Խաչատրյանը, 29-ամյա Գոռ Քլոյանը եւ 35-ամյա Արմեն Ֆարմանյանը:

Սուրեն Աբրահամյանի փոխանցմամբ, «անգամ ամենամիջին կարգի քննիչը», եթե ձեռքի տակ ունենա հատուկ միջոց կիրառած զինվորների տեղակայման եւ դիակների հայտնաբերման վայրերը, մի քանի քննչական գործողությունների արդյունքում կարող է պարզել, թե կոնկրետ ովքեր են մեղավոր տեղի ունեցած սպանությունների մեջ: Ներքին գործերի նախկին նախարարը նաեւ գտնում է, որ հատուկ միջոց օգտագործած զինծառայողների մեղքը այնքան մեծ չէ, որքան այն կիրառելու «հրաման տվողինը»:

«Այս իրավիճակում ամենամեծ պատասխանատուն հրաման տվողն է, որովհետեւ զինվորը նույնիսկ, իրենց ներկայացմամբ` այդ ընդհանուր թոհուբոհի մեջ, իրավունք չուներ ինքնուրույն զենքն օգտագործեր: Եվ հետո` «Չերյոմուխա»-ով կարելի է մարդ սպանել, եթե դիմահար ձեւով կրակեն, եւ այդ առումով` ո՞վ է հրաման տվել, ո՞ր գնդից էր, ո՞ր գումարտակից էր, որտե՞ղ էր տեղաբաշխված: Այս հարցերին պատասխանելու փոխարեն այդ անիմաստ փորձաքննության խայծը գցեցին, ամբողջ հանձնաժողովի անդամներին խաբեցին», - պնդեց Սուրեն Աբրահամյանը:

Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի պնդմամբ, այս գործը կոծկելը մեկ նպատակ ուներ` պատասխանատվությունից ազատել իշխանություններին, որովհետեւ, եթե պարզվի, թե ո՞վ է հնացած «Չերյոմուխա» օգտագործելու հրաման տվել, ապա ողջ շղթան կբացահայտվի, քանի որ «նույն այդ հրաման տվողն էլ ինքնագլուխ չի գործել»: Համակարգը լավ իմանալով` Սուրեն Աբրահամյանը նշում է, որ նման գործողություններ կատարվում են միայն ընդհանուր հրամանի պարագայում:

Անցած շաբաթ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում ներկայացված փորձագիտական եզրակացություններում նշվել էր, որ քննչական մարմինների տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա հանարվոր չէ պարզել, թե մարտի 1-2-ի գիշերը հատուկ միջոցներ օգտագործած ոստիկանության ներքին զորքերի չորս զինծառայողներից կոնկրետ ո՞ւմ արձակած «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտներից են զոհվել վերոհիշյալ երեք անձինք:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG