Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Այցի շրջանակներում` մինչեւ փետրվարի 18-ը, նա հանդիպումներ է ունենալու Հունաստանի նախագահի ու վարչապետի, գործարար շրջանակների հետ: Քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը, հիմնական շեշտադրումը կկատարվի էներգետիկ բնագավառում համագործակցության վրա:

Հիմնական հարցը ադրբեջանական էներգակիրների մատակարարումն է Հունաստան: Ադրբեջանն արդեն որոշակի քանակի գազ է առաքում Հունաստան` Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով:

Անցած ամիս Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ մինչեւ այս տարվա վերջը Ադրբեջանը պատրաստ կլինի գազի կանոնավոր մատակարարումներ իրականացնել Հունաստան եւ Բուլղարիա: Խնդիրներից մեկը տարանցման համար Թուրքիայի հետ պայմանագրի ստորագրումն է:

Փորձագետներն ընդգծում են, որ Հունաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել երկիր մատակարարվող բնական գազի աղբյուրները, եւ այդ հարցում Ադրբեջանը դիտարկվում է որպես կարեւոր գործընկեր:

Իր հերթին, Բաքուն Հունաստանը համարում է կարեւոր շուկաներից մեկը: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանը ձգտում է նաեւ ամրապնդել Հունաստանի հետ քաղաքական կապերը` ակնկալելով Հունաստանի աջակցությունը եվրատլանտյան ուղղությամբ Ադրբեջանի ավելի սերտ ինտեգրմանը:

Չի բացառվում, որ Իլհամ Ալիեւի այցելության ժամանակ քննարկվեն նաեւ Nabucco ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ծրագիր, որը նախատեսում է Կասպյան ավազանի, Կենտրոնական Ասիայի էներգակիրների առաքում դեպի Եվրոպա:

Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սելիմ Կուներալը օրերս հայտարարել է, թե Nabucco ծրագրով էներգակիրներ առաքող երկրների շարքում, անկասկած, առաջինը կլինեն Ադրբեջանն ու Թուրքմենստանը:

Թուրք դիվանագետը նշել է նաեւ, որ թեեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության եւ Nabucco ծրագրի միջեւ պաշտոնապես ոչ մի կապ չկա, սակայն Nabucco-ի մասնակից երկրների շարքում Թուրքիան միակն է, որը Եվրամիության անդամ չէ, իսկ տարածքների մեծ մասում, որտեղով անցնելու է Nabucco խողովակաշարը, գործում է Եվրամիության օրենսդրությունը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG