Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի»-ին քննարկում է Ղարաբաղյան կարգավորման հարցում ժամանակ առ ժամանակ հայտնվող լավատեսությունը. - «Ամեն անգամ, երբ միջնորդները կամ պրոցեսի մեջ ներդրված ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարում են մինչեւ տարվա վերջը կարգավորման հնարավորության մասին, քեզ բռնում ես այն մտքի վրա, որ հակամարտող կողմերին կարգավորման սկզբունքների ուրվագծերի հետ նախնական ծանոթացման բոլոր խոստումները մեծ դիվանաիտական բլեֆ են: Ակնհայտ է, որ նշված ժամանակահատվածում հանրային կարծիքը, որը «պետք է անպայման հաշվի առնվի», չի կարող էապես ներկայացված լինել: Ստացվում է, որ լավագույն դեպքում բնակչությունը պետք է հայտնվի համարյա իրականացված փաստի առաջ: Հավանաբար, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ հասարակությունները օբյեկտիվորեն չեն կարող լինել կոնկրետ պայմանավորվող կողմեր: Հենց այդ պատճառով էլ հատուկ կարեւորություն են ձեռք բերում մեծ համաձայնությունը կանխատեսող միջոցառումները, որոնք կոչված են դառնալ հանրային կարծիքի ցուցադրում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Օրերս կառավարության նիստում վարչապետը նկատեց, որ «պետական շատ ծառայողներ, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են եւ հեռու են քաղաքականությունից, հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի մեջ են ընկնում, երբ հնչում են Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցեր... Սա, իհարկե, արտառոց փաստ է։ Եվ նույնիսկ չգիտես ինչպես բնորոշել Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ դրսեւորած չինովնիկական դասի վերաբերմունքը։ Ազգային գիտակցության նիհիլի՞զմ, թե՞ ազգային հիմնահարցի նկատմամբ բացահայտ անտարբերության դրսեւորում։ Երկուսը միաժամանակ։ Կարծում ենք, պարզապես խայտառակություն է, երբ զինադադարից շուրջ 15 տարի անց տարբեր աստիճանակարգերում գտնվող պաշտոնյաները անտեղյակ են Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը»։

«Հայկական ժամանակ»-ը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետո Գագիկ Ծառուկյանի ասուլիսը. - «Համագումարից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս` Գագիկ Ծառուկյանը, Քրեական օրենսգրքի 300 հոդվածի մասին խոսելիս, այդ հոդվածը անվանեց «իշխանության ձեռքբերում», մինչդեռ օրենսգրքում այն կոչվում է «իշխանության յուրացում»: Այս շփոթմունքը ներելի է պարոն Ծառուկյանին. նրա գիտակցության մեջ ձեռքբերումն ու յուրացումը հոմանիշ բառեր են: Այսքինքն` ցանկացած ձեռքբերում հնարավոր է յուրացման ճանապարհով: Այդ թվում եւ` իշխանության ձեռքբերումը: Պարոն Ծառուկյանի խոսքերից թերթին ակնհայտ դարձավ, որ նա թյուրիմացության մեջ է եւ մտածում է, թե Վենետիկի հանձնաժողովը ստեղծվել է օրերս` ԵԽԽՎ-ի ձմեռային նստաաշրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու պատգամավորների ունեցած ելույթի արդյունքում»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիում ստորագրված մի փաստաթղթի մասին, որը կոչվում է «Արեւմտյան Հայաստանի հայոց ինքնորոշման հռչակագիր»: Իսկ ավելի վաղ հիմնվել է «Արեւմտյան Հայաստանի հայոց համագումար» կոչվող կազմակերպությունը. - «Կազմակերպությունը, ըստ էության, ստվերային կառավարություն է, որը կոչված է տեր կանգնելու Արեւմտյան Հայաստանի հայկական հողերին, իհարկե, եթե Թուրքիան մեր ֆուտբոլային կան էլի չգիտեմ ինչ դիվանագիտությունից այնքան հուզվի, որ մեր պապական հողերը վերադարձնի...»: Փաստաթղթում պատմական հղումներ են արվում Սան-Ստեֆանոյի1878 թվականի պայմանագրին, ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի քայլերին եւ եզրահանգում. - «Մնում է միայն, որ Արեւմտյան Հայաստանի ժողովուրդը հավաքվի, ոտքի կանգնի եւ աշխատի պաշտպանել ու հզորացնել իր քաղաքական մեխանիզմը, անվտանգությունը: Դրա համար էլ մենք ստեղծեցինք Արեւմտյան Հայաստանի Հայերու Ազգային խորհուրդը: Մեր հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է, եթե մինչեւ այժմ չգիտեիք` հիմա գիտեք»:

«Հրապարակ»-ը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության մասին զրուցել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Փոփոխությունները անիմա՞ստ են»: Օհանյանը պատասխանում է. - «Իմաստ, երեւի, ունեն: Թեեւ միշտ էլ դեմ եմ եղել եւ հեգնել եմ օրենքը շուտ-շուտ փոխողներին: Որովհետեւ օրենքը հագուստ չի, որ հարմարեցնես, կոսմետիկ վերանորոգես, մեքենա չի` «ծյունինգ» անես, սիրուհի չի` փոխես` ինչքան հաճախակի ու շատ, այնքան լավ: Օրենքը պիտի կիրառել, կիրառել անխտիր ու առանց քաղաքական պատվերի, արդարադատության սահմաններում, անկախ դատական համակարգի կողմից, ապա ամենավատ օրենքն էլ կարող է շատ լավ ծառայել: Իսկ որ ասում են` օրենքի լայն մեկնաբանությունների սողանցքը փակենք, բացառում եմ: Իրենց իրական նպատակը թաքցնել-քողարկելու համար է»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG