Մատչելիության հղումներ

Գազի առաջարկվող սակագինը «իջեցնելու տեղ ունի»


«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանի կարծիքով, «Հայռուսգազարդ» ընկերությունը կարող է իջեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտում նշված գազի նոր սակագինը:

Եղոյանը, ի թիվս հայաստանյան այլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փետրվարի 18-ին կմասնակցի Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում կազմակերպվող աշխատանքային քննարկմանը «Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչների հետ:

«Քանի որ ունենք տնտեսական ճգնաժամ, քանի որ ունենք աղքատության կրճատման նոր ծրագիր, քանի որ ունենք անցյալ տարվա սննդի գների հետ կապված ճգնաժամը, պիտի մի քիչ գոտիներս ավելի ձգենք, ու դա չի վերաբերվում միայն բնակչությանը: Նաեւ «Հայռուսգազարդ»-ը պիտի ձգի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եղոյանը` շարունակելով. - «Գտնում եմ, որ 99 դրամը [մեկ խորանարդ մետրի համար], որ առաջարկում է «Հայռուսգազարդ»-ը այդտեղ իջեցնելու բավականին հնարավորություն կա: Եվ հուսով եմ, որ հանձնաժողովը կկատարի իր ֆունկցիան»:

Այս տարվա ապրիլի 1-ից, սահմանին հազար խորանարդ մետր գազը գնելով 154 դոլարով, «Հայռուսգազարդ»-ը սպառողներին այն մատակարարելու է կրկնակի թանկ` 99 հազար դրամով:

Աբգար Եղոյանը համաձայն է, որ այստեղ խնդիր կա: Սակայն, նրա խոսքով, դրան հարկ է մոտենալ փոքր-ինչ այլ տեսանկյունից: Եթե ապրիլի 1-ին սահմանին գազը թանկանում է 40 տոկոսով, ապա սպառողի համար թանկացնում են մոտ 18 տոկոսով. այն է` կա համամասնության որոշակի փոփոխություն:

«Բայց նախկինում տարբերությունը այնքան մեծ է եղել, որ, ես գտնում եմ, որ կարող ենք ավելի քիչ դնել, որովհետեւ հիմա պիտի առաջին շեշտը դնենք սպառողի իրավիճակը բարելավելու վրա», - ասաց նա` հավելելով, թե գազի թանկացումը շղթայական ռեակցիա է բերելու. - «Էլեկտրաէներգիայի մասին ենք խոսելու, իսկ դա նշանակում է, որ ջուրն էլ կթանկանա, որովհետեւ ջրամատակարարման մեջ ծախսերի հիմնական մասը էլի էլեկտրաէներգիան է: Ուստի, քանի որ սա գնագոյացնող ֆակտոր է, ինչքան կարողանանք պիտի կարողանանք ավելի իջեցնել»:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը համաձայն չէ, որ թանկացումը կտրուկ է: Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի հիմքում, նրա խոսքով, ընկած են «լուրջ ու մանրակրկիտ տնտեսագիտական հաշվարկներ»:

«84 եւ 99 հազար դրամը եթե դուք համեմատում եք... եթե դա համեմատեք նաեւ միջազգային շուկայում ներքին գների հետ, մեզ մոտ բավականին, այսպես ասեմ` էքսկլյուզիվ գին է», - ասաց նա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG