Մատչելիության հղումներ

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը օրերս հանդիպել է Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ եւ պարզել, որ գործարանը կարող է մոտ ապագայում ընդհանրապես փակվել, ինչը Կապանում գործազրկության շեշտակի աճի կհանգեցնի:

«Փետրվարի 19-ից Կապանի կոմբինատը ընդհանրապես կանգնեցվում է: Ըստ կոմբինատի տնօրենի, եթե մետաղի գները էական չբարձրանան, իրենք ստիպված են լինելու կոնսերվացնել գործարանը: Փակում են ե’ւ ֆաբրիկան, ե’ւ մնացած բոլոր արտադրամասերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արթուր Աթայանը:

Քաղաքապետը համոզմունք հայտնեց, թե ճիշտ կառավարման դեպքում կոմբինատը կարող է շարունակել աշխատել:

«Եղել են ժամանակներ, երբ ավելի ցածր է եղել մետաղների գինը: Պիտի անպայման փորձենք ամեն գնով ստիպել աշխատեցնելու, որովհետեւ եթե [կոմբինատը] կանգնեց, մոտ 1000 հոգի կմիանա գործազուրկների բանակին, ինչը բավական տխուր հետեւանքներ կարող է ունենալ», - եզրակացրեց Արթուր Աթայանը:

«Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց կոմբինատի հետագա գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Dino Gold Mining ընկերության ներկայացուցիչներից:

Dino Gold Mining ընկերությանը պատկանող Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի 1500 աշխատակիցների 40 տոկոսը, աշխատավարձի երկու երրորդի պահպանմամբ, հարկադիր պարապուրդի էին ուղարկվել անցյալ տարվա նոյեմբերին, իսկ 300-ը ազատվել էր աշխատանքից:

2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանի հանքահումքային արդունաբերության ոլորտի մյուս ձեռնարկությունները եւս գնացել են արտադրական ծավալների եւ աշխատուժի կրճատման` այդօրինակ քայլերը պայմանավորելով համաշխարհային շուկայում մետաղի գների անկմամբ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG