Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Հայաստանում իշխանությունը էապես թուլացել է»


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ելույթում շրջանցել է «պետության առջեւ կանգնած լուրջ մարտահրավերները»:

Անգամ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում, ընդդիմության ներկայացուցիչի խոսքով, Սերժ Սարգսյանը «բովանդակային որեւէ բան չասաց»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում որն էր «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարին մասնակցելու նպատակը, Արման Մուսինյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դրանով [մասնակցելով համագումարին] ուզեց ցույց տալ, թե ում է պատկանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կամ` ում չի պատկանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը դեռեւս խնդիր ունի ցույց տալու, որ քաղաքական դաշտը իր վերահսկողության տակ է, եւ որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս ազդեցություն չունի, Մուսինյանը ասաց. - «Ես կարծում եմ, [Սերժ Սարգսյանը նման խնդիր] ունի եւ ապագայում էլ առիթներ կունենա ցույց տալու, որ միանձնյա ղեկավարը ինքն է: Միայն ցույց տալու»:

«2008 թվականի նախագահական ընտրություններից հետո եւ մարտիմեկյան սպանդից հետո Հայաստանում իշխանությունը էապես թուլացել է», - շարունակեց նա: - «Եթե, օրինակ, 2005, 2006, 2007 թվականներին իշխանական համակարգը մի մոնոլիտ բուրգ էր, ապա դա այժմ այդպես չէ: Եվ իշխանության ներսում հակասությունները գնալով կխորանան, եւ դուք կտեսնեք դրանց ցայտուն դրսեւորումները»:

Այդպիսի դրսեւորումներից է համարում Արման Մուսինյանը անցած շաբաթ Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը:

Ընդդիմության ներկայացուցչի համոզմամբ, իշխանության ներսում հակասություններ կան անգամ «քաղբանտարկյալների հարցում». - «Կա իշխանությունում մի թեւ, որը փորձում է հասնել համաներման, եւ կա իշխանության մի թեւ` առավել ռադիկալ, որը ամեն ինչ անում է, որպեսզի քաղբանտարկյալները մնան բանտում»:

Համաներման մասին, հիշեցնենք, բավական հաճախ խոսել են Դաշնակցության ներկայացուցիչները:

Մարտի 1-ին ծրագրված հանրահավաքը, Արման Մուսինյանի խոսքով, ամենայն հավանականությամբ կկայանա Մատենադարանի մոտ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG