Մատչելիության հղումներ

Եվրամիության նախագահող երկրի վարչապետը այցելում է Կենտրոնական Ասիա եւ Ադրբեջան


Եվրամիությունում նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը երկօրյա այց է կատարում Կենտրոնական Ասիա եւ Ադրբեջան: Այսօր նա Ղազախստանից ուղեւորվելու է նախ Թուրքմենստան, ապա` Ադրբեջան:

Ըստ ՉՏԿ չեխական լրատվական գործակալության, Տոպոլանեկը Աստանայում, Աշգաբատում եւ Բաքվում բանակցելու է Եվրոպական միության անունից: Օրակարգում էներգակիրների թեման է: Չեխիայի վարչապետի մամլո խոսնակ Իրժի Պոտուժնիկը հայտարարել է, որ Եվրոպական միության նպատակն է հնարավորինս նվազեցնել բնական գազի մատակարարման հարցում կախվածությունը Ռուսաստանից:

Եվրոպական միության ղեկավարների մտավախությունն այն է, որ ռուս - ուկրաինական տարաձայնությունների արդյունքում այս տարեսկզբին ի հայտ եկած ճգնաժամը կարող է կրկնվել նաեւ ապագայում, ուստի Եվրոպան ցանկանում է այլընտրանքային մատակարարում ապահովել այսպես կոչված Հարավային միջանցքով, որով Կասպյան ավազանում արդյունահանված բնական գազը Թուրքիայի տարածքով կփոխադրվի Եվրոպա:

Միրեկ Տոպոլանեկն այսօր Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ վարչապետ Արթուր Ռասիզադեին:

Ինչպես ՉՏԿ գործակալությունն է փոխանցում, էներգետիկայի խնդիրներից բացի, Տոպոլանեկը Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկելու է նաեւ Արեւելյան գործընկերության ծրագիրը, որը Եվրոպական միությունն առաջարկում է Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային եւ Ուկրաինային, եւ որի մեկնարկը Եվրամիությունը նախատեսում է ազդարարել մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում:

Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակն է ընդարձակել Եվրոպական միության եւ նախկին խորհրդային 6 երկրների քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG