Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Հայ ազգային կոնգրեսը չունի որեւէ գեոքաղաքական ուղղվածություն»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր տեղեկացրեց, որ ռուսաստանյան իշխանական կառույցների ներկայացուցիչների հետ օրերս Մոսկվայում կայացած իր հանդիպումը, որի մասին տեղեկացրել էին մոսկովյան թերթերը, տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ ասաց, որ ռուսական կողմը հայաստանյան ընդդիմության հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Հայաստանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի1643 բանաձեւի ընդունումից հետո:

«Մենք ընդհանրապես նման հանդիպումների համար դիմել ենք, բայց այս անգամ դա, փաստորեն, Ստրասբուրգից հետո եղավ, երբ պարզվեց, որ ռուսական կողմը կցանկանար այդ հանդիպումը ունենալ», - ասաց Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործիչը հրաժարվեց հայտնել, թե Ռուսաստանի իշխանական շրջանակներից կոնկրետ ում հետ է հանդիպել` շեշտելով, թե նման դիվանագիտական հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվում այն մասին, թե ինչը կարելի է հրապարակել, իսկ ինչը` ոչ: Ամեն դեպքում, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հանդիպման վերաբերյալ մամուլում հրապարակումների նախաձեռնողը նույնպես ռուսական կողմն է եղել:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը շեշտեց, որ «ռուսական կողմը սովորաբար շատ ավելի զգուշավոր է լինում» Հայաստանի ընդդիմության հետ շփումների հարցում:

«Ես կարծում եմ, այն հանգամանքը, որ նրանք, այնուամենայնիվ, այսպիսի կոնտակտների գնում են, նաեւ ուղղակի ապացույցն է նրա, որ Հայաստանի ընդդիմությունը լրջագույն գործոն է դարձել հայաստանյան ներքաղաքական կյանքում», - ասաց Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործչի մոսկովյան այցելության հետ կապված լուրեր են շրջանառվում, թե Հայ ազգային կոնգրեսը որոշակի աջակցություն է ակնկալում Ռուսաստանից: Անդրադառնալով այդ ասեկոսեներին, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Ընդհանրապես միշտ փորձում են ինչ-որ մի պիտակ կպցնել Շարժմանը: Կարծում եմ, սրանք դատարկ խոսակցություններ են: Հայ ազգային կոնգրեսը, որպես հավաքականություն, միացյալ ընդդիմություն է, որը ունի շատ հստակ դեմոկրատական օրակարգ եւ չունի որեւէ գեոքաղաքական ուղղվածություն»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG