Մատչելիության հղումներ

Հայաստան - Եվրամիություն քաղաքական խորհրդակցություններ` Բրյուսելում


Այսօր Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստան - Եվրամիություն քաղաքական խորհրդակցություններ` Եվրամիության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» մակարդակով:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, եվրոպական կողմը կարեւորել է ներքաղաքական իրավիճակի բարելավման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումները եւ պատրաստակամություն հայտնել շարունակել աջակցությունը բարեփոխումների իրականացման հարցում:


Մասնավորապես, առաջիկայում Հայաստան է գործուղվելու Եվրամիության խորհրդատուների խումբ, ինչպես նաեւ հիմնվելու է արդարադատության հարցերով համագործակցության ենթակոմիտե:

Կողմերի միջեւ խորը եւ համընդգրկուն ազատ առեւտրի պայմանագրի կնքման հնարավորությունները ուսումնասիրելու համար հաջորդ շաբաթ Երեւան է ժամանելու Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը:

Նշվել է նաեւ, որ առաջիկայում էականորեն կբարձրանա Եվրամիության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը:

Բացառելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ռազմական լուծումը, եվրոպական կողմը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակմանը` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա, ինչպես նաեւ ողջունել է Մոսկովյան հռչակագրի ընդունումը:

Եվրոպական կողմը ողջունել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված Հայաստանի իշխանությունների քայլերը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում իրական առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ:

Եվրահանձնաժողովը նաեւ ներկայացրել է Արեւելյան գործընկերության նախաձեռնության քննարկման ընթացիկ վիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG