Մատչելիության հղումներ

Այսօր Հրանտ Մաթեւոսյանը կդառնար 74 տարեկան


Փետրվարի 12-ը Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է. այսօր մեծ գրողը կդառնար 74 տարեկան:

Տարեդարձի կապակցությամբ Մաթեւոսյանի գրչընկերները, հարազատները, մաթեւոսյանական արվեստի, հայ գրականության նվիրյալները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող նրա շիրիմին:

Գրողի մահվանից հետո, դեռ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք եւ նրա որոշմամբ, Հրանտ Մաթեւոսյանի անվան մշակութային կենտրոն կառուցելու նպատակով Երեւանի Սիրահարների այգուն հարող Դեմիրճյան 2/1 հասցեում տարածք հատկացվեց:

Հարցին, թե արդյոք հաջորդ տարի` մեծ գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, ի վերջո կառուցված կլինի՞ մշակութային կենտրոնը, Մաթեւոսյանի որդին` «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանը պատասխանեց. - «Կարող ենք ասել, որ ճարտարապետա-հատակագծային առաջադրանք է տրված ճարտարապետին, կարող ենք ասել, որ նախագիծը արվում է, եւ հիմնադրամն ու Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքը մասնակից են նախագծի ձեւավորմանն ու կայացմանը: Իսկ թե կենտրոնը շինարարության, կառուցման կամ կայացածության ինչ մակարդակում այդ պահին կլինի` երեւի այն մարդկանց պատվի հարցն է, ովքեր ի պաշտոնե կամ խղճի մտոք կստանձնեն կենտրոնով զբաղվելը»:

Այս տարի նաեւ կառավարական հանձնաժողով է կազմվելու Հրանտ Մաթեւոսյանի հոբելյանը 2010-ին հավուր պատշաճի նշելու համար: «Պիտի կազմվի այս տարի` խուսափելով նախորդ տարիների ուշացած քայլեր անելու պրակտիկայից, նախօրոք պիտի կազմվի, ինչը ողջունելի է», - ասաց Դավիթ Մաթեւոսյանը` հավելելով. - «Դա թույլ է տալիս մտածել, որ ինչ-որ ակնկալիքներ կարող ենք ունենալ, եւ ինչ-որ ծրագրեր, այնուամենայնիվ, կիրականացվեն»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG