Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հանրահավաքի վերաբերյալ իրազեկմանը քաղաքապետարանից պատասխան չի ստացվել


Մարտի 1-ին ծրագրվող հանրահավաքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի իրազեկմանը սահմանված ժամկետում` մինչեւ այսօր առավոտյան ժամը 9:00-ը, Երեւանի քաղաքապետարանից պատասխան չի ստացվել:

«72 ժամվա ընթացքում մենք պետք է որեւէ որոշում ստանայինք, նման բան տեղի չի ունեցել, իսկ օրենքի համաձայն` եթե որոշում չի կայացվում, ուրեմն հանրահավաքի անցկացման մասին իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց իրազեկումը ներկայացրած` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

Ինչպես երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ընդդիմությունը հանրահավաքն անցկացնելու համար երկու վայր է մատնանշել` Մատենադարանին հարող տարածքը եւ Հյուսիսային պողոտան: Հանրահավաքի ավարտին ընդդիմությունը նախատեսում է երթով Մաշտոցի պողոտայով հասնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող տարածք` ծաղկեպսակ դնելու անցած տարվա մարտի 1-ին զոհված 10 անձանց հիշատակին:

«Հանրահավաքը կայանալու է անկախ նրանից, թե իշխանությունները կարտոնեն, թե ոչ», - վստահեցրել էր Շահնազարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG