Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանի նախագահի խոսնակ Ալինա Ենգոյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը հրահանգել է դատավորներին տեղափոխման դիմումներ գրել:

Հայաստանի դատաիրավական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխությունների եւ լրացումների շրջանակներում մարտի 1-ից վերականգնվելու են առաջին ատյանի դատարանները, եւ դատավորների դիմումները կապված են դրա հետ:

Անցած տարվա հունվարի 1-ից գործում էին մասնագիտացված դատարաններ, որոնք բաժանում էին քրեական եւ քաղաքացիական գործերի քննությունը: Այս դատարանները, մեկ տարուց քիչ ավելի գործելուց հետո, մարտի 1-ից լուծարվելու են: Ըստ Ալինա Ենգոյանի, դիմումների միջոցով դատավորները ընտրելու են մասնագիտացումը. ինչ գործեր են նախընտրում քննել` քրեակա՞ն, թե՞ քաղաքացիական:

«Ոչ թե պիտի լինեն մասնագիտացված դատարաններ, այլ պիտի լինեն մասնագիտացված դատավորներ` առաջին ատյանի դատարանների ներսում: Ուստի ոչ միայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, այլ նաեւ այլ առաջին ատյանի դատարաններում խորհրդակցություններ են հրավիրվել եւ պիտի հրավիրվեն: Այսուհետ մասնագիտացումը կլինի առաջին ատյանի դատարանում, եւ խորհրդակցությունները հրավիրվում են, որպեսզի քննարկվի, թե որ դատավորը որ մասնագիտացումն է նախընտրում», - ասաց Ենգոյանը:

Հարցին, թե քանի դիմում կա, Ենգոյանը արձագանքեց. - «Չեմ կարող ասել` քանի դիմում կա, որովհետեւ դիմումներ կոնկրետ չեն գրվել այս պահի դրությամբ: Այսինքն` խորհրդակցությունը եղել է զուտ մասնագիտացման շուրջ, քննարկվել է եւ առաջարկվել է, որպեսզի դատավորները ներկայացնեն իրենց նախապատվությունը»:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք բոլոր դատավորները կպահպանեն իրենց տեղերը, Ալինա Ենգոյանը փոխանցեց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մեկնաբանությունը, թե` դա պարզ կդառնա մարտի 1-ից հետո, երբ կլուծարվեն մասնագիտացված դատարանները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG