Մատչելիության հղումներ

Ռուսաստանը օգտակար է համարում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ներկայությունը Հարավային Կովկասում


Պաշտոնական Մոսկվան օգտակար է համարում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Վրաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպումից հետո:

ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը տարածաշրջանում ավարտվում է փետրվարի 15-ին եւ այսօր սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությունը դիտորդական առաքելության ժամկետը եւս 4 ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանը համաձայնել է աջակցել Հյուսիսատլանտյան դաշինքին` Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զինված ուժերի ոչ-ռազմական նշանակության մատակարարումների եւ բեռների համար Ռուսաստանի տարածքով անցում ապահովելու հարցում:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ անդրադարձել է Կալինինգրադի շրջանում ռուսական «Իսկանդեր» հրթիռներ տեղաբաշխելու խնդրին եւ նշել, որ հրթիռները կտեղադրվեն միայն այն դեպքում, եթե Արեւելյան Եվրոպայում տեղադրվեն ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչները:

Եվրամիության «եռյակ» պատվիրակությունը գլխավորում է Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Պատվիրակության կազմում է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG