Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ջավահիրլի բնակավայրից հարավ-արեւելյան ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ` դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, որոնց ուղեկցել են Ղարաբաղի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Վերջին շրջանում Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից պարբերաբար հաղորդագրություններ են ստացվում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG