Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով` Իսրայելի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում


Երեկ Իսրայելում անցկացված 18-րդ գումարման Քնեսեթի ընտրությունների նախնական արդյունքներով, առավելագույն թվով ձայներ է հավաքել «Կադիմա» իշխող կուսակցությունը` երկրի արտգործնախարար Ցիպի Լիվնիի գլխավորությամբ: «Կադիմա»-ն նորընտիր խորհրդարանում կստանա 29 կամ 30 պատգամավորական մանդատ:

Երկրորդ տեղում նախկին վարչապետ Բենյամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն է, որը, ըստ նախնական արդյունքների, կստանա 27-28 մանդատ:

Երրորդ տեղում առաջին անգամ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած ձախակողմյան «Իսրայել բեյտենյու» («Մեր տունը Իսրայելն է») կուսակցությունն է` 14-15 մանդատ, որին հաջորդում են «Ավոդա», «Շաս», «Մերեց» եւ այլ կուսակցություններ:

Ըստ նախնական տվյալների` ձախակողմյան «Մերեց» կուսակցությունը, որի ղեկավար Խայ Մորոնը Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման ջատագով է եւ հեղինակել է նման նախագիծ, ստացել է 4-5 մանդատ` չկորցնելով պատգամավորական տեղեր եւ ոչ էլ ձեռք բերելով նորերը:

100 մանդատ ունեցող օրենսդիր մարմնի ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պարզ կլինեն վաղը: Սակայն արդեն մի քանի ժամից կսկսվեն բանակցությունները կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ:

Երեկվա քվեարկությանը մասնակցել են Իսրայելի շուրջ 5,2 միլիոն ընտրողների 65 տոկոսից ավելին: Երկրում ձեռնարկվել էին անվտանգության բացառիկ միջոցառումներ, որոնցում ներգրավված էին շուրջ 19 հազար ոստիկաններ եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG