Մատչելիության հղումներ

Նորաստեղծ հիմնադրամը կփորձի վերականգնել Ռուսաստանի խաթարված հեղինակությունը


Ինչպե՞ս բարելավել Ռուսաստանի` Արեւմուտքում խաթարված հեղինակությունը. - «Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտ» նորաստեղծ հիմնադրամի գլխավոր նպատակներից մեկը հենց այս խնդրի լուծումն է լինելու:

2008 թվականին հիմնադրված այս կառույցի կենտրոնակայանը Մոսկվայում է, այժմ էլ բաժանմունքներ են ստեղծվում Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում: Հիմնադրամի նյույորքյան գրասենյակի ղեկավարը ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանն է: Նրա խոսքով` հետազոտական այս նորաստեղծ կառույցի գլխավոր նպատակներից մեկը պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություների բարելավմանը նպաստելն է:

«Եթե հնարավոր լինի դա անել, ապա կկարողանանք մի շարք հարցեր լուծել, խնդիրներ, որոնք երկկողմ հարաբերություններում լարվածության առիթ են դառնում: Խոսքը ե’ւ ամերիկյան կողմի` Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու փորձերին է վերաբերում, ե’ւ Վրաստանի ու Ուկրաինայի ապագային ու ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Ռուսաստանում հույս ունեն, որ Օբաման կարող է լուրջ փոփոխություններ իրականացնել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում», - նշում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած կառույցի ֆինանսավորմանը, ապա Միհրանյանը չգիտի, թե ով է հանդես գալիս հովանավորի դերում: Առայժմ Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյույորքյան բաժանմունքը, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում` ՄԱԿ-ի կենտրոնակայանից ոչ հեռու, չորս աշխատակից ունի` երեք վերլուծաբան եւ մեկ քարտուղարուհի: Միհրանյանը, սակայն, համոզված է, որ նման սահմանափակ ուժերով էլ իր ղեկավարած կենտրոնը կկարողանա որոշակի հաջողության հասնել:

Երկկողմ հարաբերություններին նվիրված մի շարք սեմինարներ արդեն իսկ կազմակերպվել են: Այժմ էլ Միհրանյանը պատրաստվում է Նյու Յորքում քննարկում անցկացնել` նվիրված ռուսաստանյան օրենսդրության վերջին փոփոխություններին: Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտը այս քննարկմանը մասնակցելու նպատակով Միացյալ Նահանգներ է հրավիրելու ընդդիմադիր հայացքների տեր մի շարք ռուսաստանցի իրավաբանների, այդ թվում` հայտնի փաստաբան Հենրի Ռեզնիկին:
Արդյոք այս բոլոր ջանքերը ուշացած չե՞ն` հաշվի առնելով ռուսական կողմի պահվածքը օգոստոսյան ճգնաժամի ընթացում, ինչպես նաեւ դրան հետեւած` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը: «Մոսկվան ավելի զուսպ պահվածք կդրսեւորեր, եթե չլինեին վրացական կողմի գործողությունները», - վստահեցնում է Միհրանյանը` հավելելով. - «Չէ որ Ռուսաստանը Մերձդնեստրի կամ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում»:

Իսկ երկարաժամկետ հեռանկարում` ինչպե՞ս են զարգանալու ռուս - ամերիկյան հարաբերությունները. Միհրանյանի կարծիքով` փորձագիտական մակարդակով այս բոլոր շփումներն ի վերջո կարող են հանգեցնել միջպետական հարաբերությունների ջերմացմանը:

«Եթե մենք լինենք նույն եվրատլանտյան անվտանգության համակարգի մասը, ապա Ռուսաստանը կարող է թույլ տալ, որպեսզի ամերիկացիները օգտվեն ռուսական ռազմակայաններից` այնպես, ինչպես նման դաշնակցային հարաբերությունների պայմաններում Ռուսաստանին նույնը կարող են թույլ տալ ամերիկացիները», - համոզված է Միհրանյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Լուսանկարում` Անդրանիկ Միհրանյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG