Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում համեմատական զուգահեռներ է անցկացնում Հայաստանի ներկայիս եւ նախորդ ընդդիմությունների միջեւ. - «Եվ այսպես, ո՞ւր են հիմա Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Վահան Հովհաննիսյանը, Կիմ Բալայանը, Գառնիկ Իսագուլյանը: Եթե փորձենք ընդհանրացնել նրանց ճակատագիրը, ապա կարելի է ասել, որ, անկախ այն հանգամանքից` ունեն նրանք պաշտոն, թե ոչ, այդ գործիչներից յուրաքանչյուրը վերցրել է «ներկա» իշխանությունից իրեն հասանելիք պատառը ու քաշվել է իր անկյունը: Եթե նրանց ձայնը լսվում է, ապա շատ տաք տեղից` «կայունամետ ու պետականամետ» դիրքերից` «ատելության եւ չարության դեմ»: Հիմա հարց տանք` արդյոք այն թերությունները, որոնց դեմ կոկորդ պատռելով պայքարում էին վերոհիշյալ անձինք` մեր երկրում վերացե՞լ են»: Դառնալով այսօրվա ընդդիմությանը` թերթի խմբագիրը գրում է. - «Իհարկե, բովանդակային առումով «ներկա» ընդդիմության ասածը 90 տոկոսով ճիշտ է: Իսկ ձեւի առումով նրանք նույնն են` նույն հիստերիան, նույն շանտաժը, նույն հայհոյանքները: Պատկերացնում եմ, ինչ են նրանք անելու, երբ գան իշխանության»:

«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Քրեական խրոնիկան առավել սահմռկեցուցիչ, բայց նաեւ իրական պատկեր կցուցադրի, եթե չվախենանք ու չզզվենք «օրգաններից» ու պահանջենք գրանցել հանցագործության փաստի առթիվ մեր հայտարարությունները: Վիճակագրությունը միանգամից կտրաքի, շարքային ու բարձր ոստիկանները կեսօրյա երկարատեւ կերուխումը կարճ կկապեն ու կզբաղվեն բուն գործով... Սակայն հանցագործները կամ չեն բացահայտվում, կամ խուսափում են պատասխանատվությունից: Այդ դեպքում «որտե՞ղ է իշխանությունը, ոստիկանությունը» ճարահատ հարցն ունի մի պատասխան. ոստիկանությունը մշտարթուն հսկում է քաղաքական ընդդիմության հանրահավաքների, բողոքի մյուս գործողությունների, «յոթի» չընթացող դատավարության ժամանակ` մեկ առ մեկ հաշվառման վերցնելով աչքի ընկնող բողոքավորներին, զբաղված է անբարեհույսների անձնական կյանքի ապօրինի լրտեսմամբ: Իսկ ով կարծում է, թե ոստիկանությանը դագանակ դարձրած իշխանությունը, իր ինքնապահպանման գործը թողած, պետք է ժողովրդի հոգսերով զբաղվի, հորդորում ենք չափազանց զգոն լինել»:

«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է Հայաստանի վերջին արտաքին քաղաքական զարգացումները. - «Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում (այնտեղ նույնիսկ հաշվարկում են, որ Ղարաբաղը կարող են գրավել 10 հազար զոհ տալով), Սերժ Սարգսյանն էլ Մյունխենում այնպիսի տոնով էր խոսում, կարծես հենց առաջիկա ընդմիջմանը պիտի միջանցքում «աձին-աձին» կռվեր Ալիեւի հետ... Իսկ գուցե ընդդիմությունն այնուամենայնիվ մի քիչ շա՞տ երկար ժամանակով հանգիստ թողեց Սերժ Սարգսյանին, եւ օգտվելով առիթից` միջազգային հանրությունը շա՞տ մեծացրեց ճնշումը: Այնքան շատ, որ Սարգսյանն ու Ալիեւը, առանց խոսքի իրար հասկանալով, սկսեցին պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսել: Եթե այդպես է, ապա ճիշտ ժամանակն է, որ ընդդիմությունը վերսկսի զանգվածային միջոցառումները եւ այդպիսով աշխարհին հիշեցնի իր մասին»:

«Հայոց Աշխարհ»-ը նույնպես քննարկում է մյունխենյան հանդիպումը. - «2008 թվականի սեպտեմբերի 6-ից հետո մեզանում տարածում էր գտել այն մոլորությունը, որ նախաձեռնելով հայ-թուրքական երկխոսությունը, Հայաստանի ղեկավարությունն ի վերջո ստիպված է լինելու տեղի տալ Ղարաբաղի հարցով Անկարայի առաջադրած հայտնի նախապայմանի առջեւ։ Որպես նման ենթադրության «հիմնավորում» սովորաբար հիշատակվում էր Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումներ կազմակերպելու փորձը, որին երբեմն ընդառաջում էր պաշտոնական Երեւանը։ Սակայն գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը հետեւողականորեն հրաժարվում է նման ձեւաչափով որեւէ բանակցության մասնակցելուց։ Դրա հերթական վկայությունը Մյունխենում երեք երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու փորձի ձախողումն է: Ավելին՝ Մյունխենի համաժողովի ընթացքում եւ նրանից հետո, ինչպես միջազգային մամուլի, այնպես էլ թուրք եւ ադրբեջանցի քաղաքական դետերի համար ակնհայտ է դարձել, որ Հայաստանի ղեկավարությունը ավելի քան հետեւողական է հայ-թուրքական երկխոսության մեջ «ադրբեջանական թեմատիկան» ներառելու փորձերը մերժելու հարցում»։

«Կապիտալ»-ը զրուցել է Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ համաներում չի հայտարարվում»։ «Չնայած Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել համաներում, սակայն մեր կուսակցության եւ իմ անձնական տեսակետն է գործընթացը դիտարկել իրավական հարթության մեջ։ Քանի դեռ դատական գործընթացներն ավարտված չեն, համաներում կիրառելը սխալ է։ Վերջապես, այն կարող է վատ նախադեպ դառնալ, մանավանդ որ առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են։ Հնարավոր է, որ երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը կամ մասնակիցը չհամաձայնի ընտրությունների արդյունքների հետ եւ կազմակերպի ապօրինություններ», - պատասխանում է Շարմազանովը։ Լրագրողի հարցին, թե մինչեւ երբ կարող է շարունակվել «թատրոն» դարձած «7-ի գործով» դատավարությունը, եւ արդարացված համարո՞ւմ է արդյոք, որ դատավորն անընդհատ հետաձգում է դատավարությունը, ՀՀԿ-ի խոսնակը արձագանքում է. - «Կարծում եմ՝ դատավորը պետք է ամեն ինչ անի օրենքի սահմաններում։ Ես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ, եւ սխալ կլինի, եթե մեկնաբանեմ դատական իշխանության աշխատանքը։ Նման արտառոց դեպքերի համար այսօր օրենքը թույլ է տալիս դատավարական գործընթացն իրականացնել առանց ամբաստանյալների»։

«Ազգ»-ը տեղեկացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ)` երեկ տարածած հաղորդագրության մասին. - «ԱՍԱԼԱ-ն հայտարարում է, որ ինքը «կարող է Կաքավյանի կյանքը երաշխավորել», եթե վերջինս հրապարակավ հրաժարվի պատվեր կատարելուց, ներողություն խնդրի 1915-23 թթ. ցեղասպանության զոհերից եւ նրանց հայրենազուրկ սերունդներից եւ իրավապահ մարմիններին հայտնի իրեն «հանցագործության դրդող պատվիրատուի անունը»։ Հիշեցնենք, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանը ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն էր խնդրել: «Ազգ»-ը ավելացնում է, որ Արմեն Կաքավյանն օրերս հայկական լրատվամիջոցներին հաղորդագրություն է հղել, որտեղ բացատրել է, թե թուրքական «Ռադիկալ» թերթում տպված իր հարցազրույցի նախաբանում թերթի խմբագիրը խեղաթյուրել է իր մտքերը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG