Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյան. «Քրեական օրենսգրքի 225 հոդվածը պետք է զգալիորեն թեթեւացվի»


Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը այսօր քննարկեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ աշխատանքային խմբի անդամ, Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությունները:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց սահմանադրական կարգի, իշխանության յուրացման հոդվածների վերաբերյալ միջազգային օրենսդրությունը: Նա առաջարկեց «իշխանության յուրացում» հասկացությունը տարանջատել «սահմանադրական կարգը տապալել» հասկացությունից, քանի որ սահմանադրական կարգը տապալելը միշտ չէ, որ իշխանության յուրացում է: Աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկեց նաեւ «Իշխանության յուրացում» հոդվածում տարանջատել «իշխանություն զավթել» եւ «իշխանություն պահել» հասկացությունները:

«Կարծես թե որոշակի եզրակացությունների հանգել ենք «Իշխանությունը յուրացնելու» հոդվածի բովանդակային մասի հետ կապված, ընդհանուր առմամբ մեր քննարկումը հնարավորություն է ընձեռում հստակ ձեւակերպումներ մտցնել», - ընթացած քննարկումները մեկնաբանեց Դավիթ Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կոնկրետ ինչ փոփոխությունների կենթարկվի 300 հոդվածը, աշխատանքային խմբի ղեկավարը նշեց. - «Պետք է բաժանվի առնվազն երեք հոդվածի եւ առանձին լինի հոդված, որը նվիրված է իշխանության յուրացմանը: Առանձին հոդված նվիրված կլինի սահմանադրական կարգի տապալմանը եւ առանձին հոդված` ոտնձգությունները տարածքային ամբողջականության դեմ»:

Արծվիկ Մինասյանը, ով իր առաջարկությունները ներկայացրել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անունից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին պետք է պարզաբանումներ լինեն, թե ինչ ասել է «զանգվածային անկարգություն»:

«Քրեական օրենսգրքի 225 հոդվածը պետք է զգալիորեն թեթեւացվի, մասնավորապես, պատասխանատվություն սահմանվի ընդհանրապես զանգվածային անկարգությունների համար, պատասխանատվություն սահմանվի կազմակերպման համար այն դեպքում, երբ անկարգությունները ուղեկցվել են բռնություններով, ջարդերով», - նշեց Մինասյանը:

Ըստ Արծվիկ Մինասյանի` 225 հոդվածով պետք է պատաստախանատվություն սահմանվի նաեւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերի համար, կամ զանգվածային անկարգությունների ժամանակ նման վարքագիծ առաջարկելու տեսանկյունից, իսկ սպանությունները պետք է ընդհանրապես դուրս գան այս հոդվածից»:

Ամենայն հավանականությամբ, փոփոխության կենթարկվեն Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ եւս: Օրինակ, եթե զանգվածային անկարգությունների ժամանակ ձեւավորվել է զինված խումբ, իսկ Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով պատասխանատվություն ենթադրվում է նման հանցագործությունների համար, ապա ժամանակավոր հանձնաժողովը, Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ, առաջարկում է` «այդ հոդվածում ամրագրել դրույթ, որ եթե այդպիսի հանցավոր խումբը ձեւավորվում է, կամ գործում է զանգվածային անկարգությունների ժամանակ, սրա համար ավելի մեծ պատասխանատվություն սահմանվի»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ձեւավորված աշխատանքային խումբը Քրեական օրենսգրքի հոդվածներում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ավարտին հասցնի փետրվարի 19-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG