Մատչելիության հղումներ

logo-print
«Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ կնքված պայմանագրով Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը գալիք ապրիլի 1-ից կկազմի 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` ներկայիս 110-ի փոխարեն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց «Հայռուսգազարդ»-ի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, ընկերությունը երեկ հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է որոշի նոր սակագները:

Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նշված հարցով նիստը կգումարվի, ամենայն հավանականությամբ, մինչեւ փետրվարի վերջը:

Հայտում նշված է, որ ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառող բաժանորդներին (այն է` բնակիչներին) վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի սակագինը պետք է կազմի 99 հազար դրամ` մինչեւ այժմ գործող 84 հազարի փոխարեն:

Բարձրանում է նաեւ 10 հազար խորանարդ մետրից ավելի ծախսող բաժանորդներին, այսինքն` արտադրական ձեռնակություններին վաճառվող գազի սակագինը` 153-ից դառնալով 230 դոլար 1000 խորանարդ մետրի համար:

Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու մասին պայմանագիրը ռուսաստանյան «Գազպրոմ»-ը եւ «Հայռուսգազարդ»-ը կնքել էին անցած տարվա սեպտեմբերին: «Հայռուսգազարդ»-ի տնօրենը այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ սակագների բարձրացումը «տնտեսության վրա ծանր բեռ չեն նստելու»:

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ) այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ իշխանությունների կողմից քայլեր կձեռնարկվեն, որպեսզի թանկացումը «մեծ չափեր չկրի եւ տանելի լինի բնակչության համար» եւ «բացասական ազդեցություն չթողնի նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման վրա»:

«Ես համոզված եմ, որ իշխանությունները ինչ-որ ռեսուրսներ, ռեզերվներ կգտնեն, որպեսզի դա իր բացասական հետեւանքները չունենա նաեւ տնտեսության բնագավառում այլ թանկացումների, հիմնականում էլեկտրաէներգիայի թանկացման վրա», - ասաց պատգամավորը: - «Կարծում եմ, որ վարկերի ձեւով հնարավոր կլինենդոտացիաներ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, իշխանությունների ֆինանսական հնարավորություններն այսօր «խիստ սահմանափակ են»:

«Ես չեմ կարծում, որ իշխանությունը կփոխհատուցի դա, որովհետեւ այդ միջոցները բյուջեում չունի նախատեսված», - ասաց նա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG