Մատչելիության հղումներ

«Բջնի»-ի ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, որ ընկերության կրկնաճուրդը պետք է կասեցվի, քանի որ սահմանված մեկնարկային գինը ցածր է ընկերությանը ներկայացվող պահանջի չափից:

Ըստ «Բջնի»-ի գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանի հայտարարությունում ներկայացված հաշվարկների` «Բջնի»-ի գործով այս տարվա հունվարի 23-ին նշանակված եւ փետրվարի 2-ը չկայացած համարված աճուրդում սահմանված մեկնարկային գինը` 4 միլիարդ 934 միլիոն 843 հազար 265 դրամ (ավելի քան 16 միլիոն դոլար), 10 տոկոսով նվազեցնելու դեպքում, ինչպես պահանջվում է կրկնաճուրդի ժամանակ, ստացվում է ընկերությունից բռնագանձվելիք գումարից պակաս գումար. - «Մեկնարկային գինը կկազմի` 4 միլիարդ 441 միլիոն 448 հազար 938 դրամ, պահանջի չափը` 5 միլիարդ 96 միլիոն 362 հազար 450,9 դրամ, որի մեջ` 4 միլիարդ 67 միլիոն 201 հազար 600 դրամ բնօգտագործման վճար, 81 միլիոն 344 հազար 32 դրամ պետական տուրքի գումար, 207 միլիոն 427 հազար 281,6 դրամ որպես կատարողական գործողությունների ծախս, 740 միլիոն 389 հազար 537,9 դրամ` իրացումից առաջացող ԱԱՀ»:

«Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որեւէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի անբավարարության հետեւանքով անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որեւէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) եւ մեկամսյա ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան՝ անկախ նրանից, այդ բոլոր կատարողական վարույթները գտնվում են նույն հարկադիր կատարողի մոտ, թե ոչ», - ասված է հայտարարությունում:

Հետեւաբար, «Բջնի» ընկերության ղեկավարությունը համոզված է, որ «հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել սույն կատարողական վարույթը եւ դիմել սնանկության պահանջով»:
Ընկերությունը նման միջնորդություն է ներկայացրել հարկադիր կատարողին եւ սպասում է վերջինիս արձագանքին:

«Ընկերության համար հետաքրքրիր է, հարկադիր կատարողը այս անգամ գոնե կպահպանի օրենքի պահանջը, թե ոչ», - ասված է հայտարարությունում, որը տրամադրել է «Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղարը:

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության` հունվարի 23-ին հայտարարած «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության հարկադիր էլեկտրոնային աճուրդում «Բջնի»-ն գնելու հայտ չէր ներկայացվել, եւ փետրվարի 5-ին նշանակվել է կրկնաճուրդ:

Աճուրդով վաճառքի են հանված ընկերության` Բջնի գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերի իրավունքը:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի»-ից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, նույն ամսին ԴԱՀԿ ծառայությունը գործարանում գույքագրում է կատարել եւ գույքը կալանքի տակ առել: Հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG