Մատչելիության հղումներ

Human Rights Watch. «Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի»


Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի` փաստում է Human Rights Watch-ը Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող միգրանտների եւ նրանց իրավունքների պաշտպանության մասին այսօր վաղ առավոտյան հրապարակված 130-էջանոց զեկույցում: Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:

«Գո՞հ եք, որ խաբում եք մեզ», - ըստ Human Rights Watch-ի` սա մի հարց է, որը Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող միգրանտները ամենից հաճախ են տալիս իրենց գործատուներին:

Ռուսաստանի շուրջ հինգ տասնյակ քաղաքներում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսության առանցքային ճյուղերից մեկում` շինարարության ոլորտում վերջին տարիներին նկատվող աճը արձանագրվել է միգրանտների իրավունքների կոպիտ եւ շարունակական ոտնահարման հաշվին: «Շինարարական հրապարակում ներգաղթյալները բռնությունների եւ ճնշումների են ենթարկվում գործատուների կողմից, շինհրապարակից դուրս գործում են իրավապահներն ու ծայրահեղական խմբավորումները», - փաստում է զեկույցը:

«Ոլորտում, որտեղ ներգրավված է Ռուսաստանում գտնվող շուրջ 9 միլիոն միգրանտների գրեթե 40 տոկոսը, գործատուները մեծամասամբ հրաժարվում են աշխատանքային պայմանագրեր կնքել. աշխատավարձի կամայական կրճատումները, ուշացումները, ֆիզիկական ճնշումներն ու բռնությունները սովորական երեւույթ են դարձել», - արձանագրում է զեկույցը եւ հավելում. - «Վատագույն դեպքում, գործատուները, միջնորդները կամ աշխատանքային գործակալությունները առգրավում են միգրատների անձնագրերը եւ ստիպում են նրանց աշխատել ընդհանրապես առանց որեւէ վարձատրության»:

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան պաշտոնյաներից մեկը Human Rights Watch-ին ասել է, որ դեսպանատունը եւս հաճախ է բողոքներ ստանում անձնագրերի առգրավման, աշխատավարձերի չվճարման, գործատուների կամ ոստիկանների կողմից ստորացուցիչ վերաբերմունքի մասին:

Տեղում աշխատող հայ շինարարներից մեկն էլ խոսել է գործատուների կողմից կիրառվող մեկ այլ անօրինական մեթոդի մասին: «Նրանք աշխատանք են առաջարկում, սակայն վճարում են աշխատավարձիդ կեսը, հաջորդ կեսը տեղափոխում են մյուս ամիս, որպեսզի չհեռանաս եւ աշխատես մինչեւ կառույցի ավարտը», - պատմել է Հայաստանի քաղաքացին:

«Մարդկանց այսօրինակ շահագործումը այնքան տարածված երեւույթ է, որ շատերը չեն էլ մտածում աշխատանքը փոխելու մասին` քաջ գիտակցելով, որ հարեւան շինհրապարակում նույն իրավիճակն է», - ասում է զեկույցի հեղինակ Ջեյն Բուքենոնը:

«Ժամանակն է, որ Ռուսաստանի կառավարությունը հետեւի միջազգային պարտավորություններին, ընդունի, որ միգրանտներն էլ ունեն իրավունքներ, եւ քայլեր ձեռնարկի` դրանք ոտնահարող գործատուներին պատժելու համար», - պնդում է հեղինակավոր կազմակերպությունն ու ընդգծում. - «Հակառակ դեպքում, միջազգային այս ֆինանսական ճգնաժամի պայմաններում ներգաղթյալները կարող են հայտնվել կրկնակի հարվածի տակ. մի կողմից կարող են ավելանալ գործատուների կամայականությունները, մյուս կողմից` կարող են է'լ ավելի ակտիվանալ ծայրահեղական խմբավորումները, որոնք պատրաստ են միգրանտներին քավության նոխազ դարձնել ներկայիս տնտեսական դժվարությունների համար»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG