Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը, անդրադառնալով կառավարության որոշմանը, որն արգելում է 10 տարուց հին մեքենաները որպես տաքսի շահագործել, գրում է. - «Թվում է` պետությունը առողջ մոտեցում է ցուցաբերել եւ մտահոգ է իր քաղաքացիների կյանքի ու անվտանգության խնդիրներով, հին տաքսիներն ավելի շատ են ենթակա վթարների: Բայց ի՞նչն է պատճառը, որ պետությունն այսքան տարբերակված, կարելի է ասել` երկակի մոտեցում է դրսեւորում միեւնույն խնդրին: Ասենք` ինչպե՞ս հասկանալ, որ տաքսի մեքենաների արտադրության ժամկետը այսքան կարեւորում են, սակայն չեն կարեւորում ավտոբուսների կամ տրոլեյբուսների արտադրության ժամկետը: Իսկ երթուղայիննե՞րը: Դրանց տարիքով կարելի է ընդհանրապես վերականգնել սովետի ողջ պատմությունը: Այդ ինչպե՞ս կարող են հին տաքսիներն իրենցից վտանգ ներկայացնել, իսկ հին երթուղային տաքսիները` ոչ: Գուցե պատճառն ընդամենը այն է, որ երթուղայինների գծերի տերերը հայտնի օլիգարխներ ու պատգամավորնե՞ր են, որոնք թույլ չեն տալիս, որ նման որոշում ընդունվի իրենց եկամտի աղբյուր մեքենաների նկատմամբ»:

Մարտի 1-ի հանրահավաքի մասին «Ժամանակ» թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Մի քանի ամսվա հանրահավաքային դադարից հետո ընդդիմությունը շատ բան սկսելու է, ինչպես ասում են` նոր տողից: Պատրա՞ստ եք դրան»: «Մենք նոր տողից չենք սկսում», - հակադարձում է Մուսինյանը: - «Հոկտեմբերի 17-ի` հանրահավաքային դադարի որոշումը քաղաքական որոշում էր: Հանրահավաքը քաղաքական պայքարի մի դրսեւորում է: Դրանից չի բխում, որ ընդդիմությունը քաղաքական պայքարը դադարեցրել է: Ընդիմությունը դադարեցրել է քաղաքական պայքարի այդ ձեւը մի քանի ամսով, եւ նախագահը հստակ պատճառաբանել է, թե ինչու: Կապված «մարտի 1-ի» տարելիցի հետ Հայ ազգային կոնգրեսը կազմակերպելու է հանրահավաք, որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցելու այն 10 քաղաքացիներին, ովքեր ընկան ժողովրդավարության համար մղվող պայքարում: Նաեւ քաղաքական գնահատականներ են տրվելու այսօր ստեղծված իրավիճակին, եւ ձեւակերպվելու են այն անելիքները, որոնք Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է իրականացնել ապագայում»:

Նույն հարցի վերաբերյալ «Իրավունքը de facto»-ին հարցազրույց է տվել Վահան Շիրխանյանը: Նա ասում է. - «Չեմ կարծում, թե այսօր Հայաստանում կգտնեք մի մարդու, որը կկարողանա ասել, թե ինչ է սպասվում մարտի 1-ին: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, որ գիտի` ինչ է պլանավորել, կդժվարանա ասել, թե արդյունքն ինչ է լինելու: Ըստ կոնգրեսի հայտարարությունների, մարտի 1-ին լինելու է հանրահավաք, երթ` նշելով սպանդի մեկ տարին: Բնական է, որ դրանից հետո կսկսվի քաղաքական ակտիվության նոր փուլ, իսկ այն կլինի անընդմեջ հանրահավաքներով, թե պարբերական, կերեւա մարտի 1-ից հետո: Մի նկատառում. եթե իշխանությունը խնդիր է դրել իրավիճակը է’լ ավելի սրել` հաշվի չառնելով, որ նմանօրինակ գործընթացը վնաս է բերել ե’ւ Հայաստանին, ե’ւ իշխանությանը, ե’ւ ժողովրդին, ե’ւ հատկապես Արցախին, ապա դա կլինի իշխանությունների հերթական կոպիտ, հիմա արդեն անթույլատրելի սխալը, քանզի այն հարցականի տակ կդնի Արցախի գոյությունը»:

Նույն խնդրին է անդրադառնում «Ազգ»-ի խմբագրականը. - «Մարտի 1-ի տարելիցն, իսկապես, կարող է երեւակիչ լինել. ո՞վ այդ օրը կխոստովանի իր սխալները եւ տարելիցը չի դարձնի քաղաքական շահատակության նյութ, ո՞վ ուժ կգտնի ասելու (իշխանություն եւ ընդդիմություն)` ես սխալ էի, ժողովուրդ ջան. մեկը` թե ես գերագնահատեցի իմ ուժերը եւ անխղճորեն ձեզ ուղարկեցի սադրանքների ու ոստիկանական գործառույթի բերան, մյուսը` թե ներում եմ մերձավորին. ժողովուրդը (այդ թվում` նրա դժգոհ եւ ընդդիմախոս հատվածը) պետության ու նրա իշխանավորի մերձավորը պետք է լինի։ Իսկ եթե մեր ընդդիմությունն ու իշխանությունը բոլորովին դաս չառած` այդ օրը ոչ թե ցավի, ողբերգության երկրորդելը բացառելու, ափսոսանքի ու եղածից դաս առնելու նշմարներ տան, այլ կրկին մրցակցեն` ինչպես հիմա է ուրվագծվում, մեկը սրացումներ է խոստանում, մեկն էլ խոսում սրացումներին համարժեք գործելակերպից, ապա մեր ժողովուրդը, հավատացեք, երկուսից էլ հավասարապես ու վերջնականապես հիասթափվելու է»։

«Հրապարակ»-ը գրում է. - «ԵԿՄ համագումարի անցկացման ժամկետն անցած տարվա դեկտեմբերից նախ տեղափոխվեց հունվար, ապա անորոշ ժամանակով կրկին հետաձգվեց, չնայած Մանվել Գրիգորյանը մոտ 15 օր առաջ հայտարարեց, թե համագումարի կազմակերպման աշխատանքները սկսված են: Հասկանալի է, որ Մանվել Գրիգորյանի կողմից ժամանակ ձգելն ունի ներքաղաքական պատճառներ, եթե չասենք, որ խնդիրն անմիջականորեն կապված է քաղբանտարկյալների հետ. ակնհայտ է, որ ԵԿՄ համագումարն ու նրա վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը չեն կարող չշոշափել եւ/կամ առանց քաղաքական գնահատականների թողնել այն փաստը, որ շուրջ երկու տասնյակ երկրապահներ եւ անգամ ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը ու միության տարածքային ստորաբաժանումների բազմաթիվ ղեկավարներ ու վարչության անդամներ (Սմբատ Այվազյան, Սասուն Միքայելյան, Հովհաննես Հարությունյան, Աշոտ Զաքարյան, Ժորա Սափեյան եւ այլք) այսօր գտնվում են բանտերում»:

«Կապիտալ» օրաթերթը տեղեկացնում է. - «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2008 թվականին արժութային շուկայում վաճառել է ռեկորդային ծավալով արտարժույթ` 442,4 մլն ԱՄՆ դոլար, որից 303,1 միլիոնը (68,5 տոկոսը) հոկտեմբեր-նոյեմբերին: Նշենք, որ 2007 թվականին Կենտրոնական բանկը, ընդհակառակը, շուկայից մեծ ծավալներով արտարժույթ էր գնում: Այսպես, 2007 թվականին գնվել է 443,3 միլիոն դոլար, որից 258,1 միլիոնը` չորրորդ եռամսյակում: Այսպիսով, 2008 թվականին ամբողջությամբ ծախսվել են այն գումարները, որ նախորդ տարում կուտակվել էին դոլարի գնումների հաշվին: Պատահական չէ, որ գործարքների մեծ մասը կատարվում է տարվա վերջին ամիսներին, երբ աշխուժանում է նախատոնական առեւտուրը: Սակայն միեւնույն ժամանակ դոլարի խոշոր ինտերվենցիաները, որ կատարվել են վերջին ամիսներին (շարունակվելով նաեւ հունվարին), որոշակիորեն կրում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG