Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Հիմա է լուծումներ գտնելու ժամանակը»


Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, ով տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում երեկ ժամանել է Հայաստան, մեկնաբանելով իր` ավելի վաղ հնչեցրած լավատեսությունը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, ասաց. - «Հիմա է լուծումներ գտնելու ժամանակը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` նա շարունակեց. - «Վրաստանում պատերազմական գործողություններից հետո բոլորը քաջ գիտակցում են, որ միայն խաղաղ ճանապարհով պետք է խնդրին լուծում տրվի: Եվ հենց դա է լավատես լինելու հիմնական պատճառներից մեկը»:

Լենմարկերը երկուշաբթի օրը արդեն հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության անդամների, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում «Գորան Լենմարկերի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ցյուրիխում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները»:

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Լենմարկերի հետ հանդիպման «հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը եւ դրա հեռանկարները»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանդիպման ընթացքում ինքը Լենմարկերին ներկայացրել է «Ժառանգության» դիրքորոշումը: Այն է` Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ որ Լեռնային Ղարաբաղը պետք է ակտիվ մասնակցություն ունենա բանակցային գործընթացին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Գորան Լենմարկերը հանդիպումը ծրագրված է այսօր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG