Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր արդեն դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ իրազեկել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ:

Ընդդիմությունը, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, հանրահավաքն անցկացնելու համար երկու վայր է մատնանշել` Մատենադարանին հարող տարածքը եւ Հյուսիսային պողոտան:

Հանրահավաքի ավարտին ընդդիմությունը նախատեսում է երթով Մաշտոցի պողոտայով հասնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող տարածք` ծաղկեպսակ դնելու անցած տարվա մարտի 1-ին զոհված 10 անձանց հիշատակին:

«Երկու տարբերակ ենք առաջարկել իշխանություններին, այնուհետեւ` երթ», - ասաց Շահնազարյանը: - «72 ժամվա ընթացքում իշխանությունները պարտավոր են պատասխան տալ: Տեսնենք, եթե արտոնեն հանրահավաքը եւ երթը, այդ դեպքում նրանք գործած կլինեն շատ խելամիտ քայլ: Հակառակ դեպքում իշխանությունը ուղղակի կապացուցի, որ ինքն է ձգտում անկայունության: Որովհետեւ միջոցառումը չարտոնելը կդառնա իշխանությունների կողմից ստեղծվող անկայունության հիմք, եւ ամբողջ պատասխանատվությունը կդրվի իշխանությունների վրա»:

«Հանրահավաքը կայանալու է անկախ նրանից, թե իշխանությունները կարտոնեն, թե ոչ», - հավելեց Շահնազարյանը:

Ընդդիմադիր գործչի խոսքով, նախատեսված հանրահավաքը «մեծ անհանգստություն» է առաջացրել իշխանության ճամբարում. արդեն մի քանի շաբաթ է ընդդիմության ակտիվիստներին տարբեր մեթոդներով համոզում են չմասնակցել հանրահավաքին, անգամ` կաշառք են առաջարկում:

Ակտիվիստներից մեկը` Երեւանի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ իր տուն այցելել են ոստիկանության երկու աշխատակիցներ. - «Մեր տան անդամների անուն-ազգանունները լրացրեցին... հետո արդեն դրսում ինձ ասացին, որ նորից սկսվելու է մարտի 1-ին, չմասնակցեք հանրահավաքներին: Ասացին նաեւ, որ ունեն բոլոր ակտիվիստների նկարները, ընտանիքների անդամների նկարները»:

Դավիթ Շահնազարյանը փոխանցեց, որ մարտի 1-ի հանրահավաքում խոսվելու է «ընդդիմության մարտավարական քայլերի, երկրում ստեղծված իրավիճակի, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների մասին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG