Մատչելիության հղումներ

Մոհամմադ Խաթամին կմասնակցի Իրանի նախագահական ընտրություններին


Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին մտադիր է առաջադրվել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Խաթամին, որին համաշխարհային մամուլը հաճախ անվանում էր «Իրանական Գորբաչով» երեկ, իր բնորոշմամբ`«ամենայն լրջությամբ» հայտարարեց թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ակնկալվում է, որ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ համարվող Խաթամին երկիրը գլխավորում էր 1997-2005 թվականներին`մինչեւ Ահմադինեջադի իշխանության գալը:

Վերլուծաբանների եւ լրագրողների մի մասը բարձր է գնահատում նախկին նախագահի վերընտրվելու հնարավորությունները:

«Ընտրություններից 4-5 ամիս առաջ անցկացվող հարցումները վկայում են, որ Խաթամիի վարկանիշն ավելի բարձր է, քան նրա պահպանողական մրցակցինը: Նա Ահմադինեջադից երկու անգամ ավելի մեծ համակրանք է վայելում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Խաթամիի ղեկավարմամբ գործող մշակութային կազմակերպության խոսնակ Իսա Սահարիզը:

Այլ վերլուծաբաններ ու լրագրողներ հակված են ենթադրել, որ Խաթամին հաղթելու բարձր շանսեր ունի, բայց հավանաբար կհանդիպի շիիթական հոգեւորականության եւ զինվորականության պահպանողական զանգվածի լուրջ դիմադրությանը:

Իրանում նաեւ քիչ չէ այն մարդկանց թիվը, ովքեր նախկին նախագահին մեղադրում են երկիրը ղեկավարելու տարիներին անկայունության, անհետեւողականության եւ Այաթոլլա Ալի Խամենեի հիմնած քաղաքական համակարգին վերջ չտալու համար:

«Պաշտոնավարման 8 տարիների ընթացքում մենք տեսնում էինք, թե նա ինչպես է գնում զիջումների: Զիջում էր նույնիսկ այն դեպքերում, երբ զիջումներն անտեղի էին եւ վնասում էին քաղաքական բարեփոխումներին», - «Ազատություն» ռադիոկայանին կարծիք է հայտնել նախկին խորհրդարանական Ֆաթեմե Հաղիղաջուն:

Բացի Մոհամմադ Խաթամիից, հունիսյան ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են եւս երկու քաղաքական գործիչներ` Իրանի Ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուր Մահամմադին եւ Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Մեհդի Քյարուբբին:

Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն նրա օգնականը տեղեկացրել է երկրորդ ժամկետում առաջադրվելու` Ահմադինեջադի ծրագրերի մասին:

Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով այս ընտրություններից մեծապես կախված է Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունների կարգավորման ճակատագիրը` որի անհրաժեշտության մասին բազմիցս է հայտարարել է Բարաք Օբամայի նոր վարչակազմը:

Հայտնի է, որ Մոհամմադ Խաթամիի պաշտոնավարման շրջանում Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում որոշակի բարելավում էր նկատվում, սակայն Խաթամիին հաջորդած Ահմադինեջադը աչքի ընկավ ընդգծված հակաարեւմտյան, հակաամերիկյան եւ հակահրեական դիրքորոշմամբ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG