Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը արձանագրում է. - «Փետրվարի 5-ին կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ՌԴ Պետդումայի խիստ իշխանամետ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը, կարելի է ասել, «մատ է թափ տվել» իր հայաստանյան գործընկերների վրա: Ըստ «Ռեգնում»-ի, Մարկովը դժգոհել է, որ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում իրեն երբեմն անկանխատեսելի է պահում: Պատգամավորի տպավորությամբ, վերջերս ԵԽԽՎ-ում ռուս-վրացական հարաբերությունների քննարկումների ժամանակ մերոնք ադրբեջանցիների հետ միասին համերաշխ ձեւով լքեցին դահլիճը: Մարկովի խոսքերով, հայկական պատվիրակությունը պետք է կողմնորոշվեր ում սատարել՝ բարեկամների՞ն, թե՞ Արեւմուտքի «գաղութատիրական» շահերին: «Եթե մեր բարեկամներն ուզում են, որ մենք նրանց օգնենք, նրանք էլ չպիտի փախչեն ռազմի դաշտից», - գրեթե սպառնաց քաղաքագետը: Պարոն Մարկովն այնքան էլ արդար չէ: Հերիք չէ՝ գրավեցին հարեւան երկրի կեսը, մերոնք դեռ պետք է այդ հարցում «դոշ տայի՞ն»: Բայց այս օրինակի վրա շատ լավ երեւում է, թե ներքին չլուծված խնդիրների պատճառով ինչու ենք մենք խոցելի դառնում արտաքին աշխարհում»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ինչպես հայտնի է, մարտի 1-ին նախատեսվող միտինգին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսն իր ակտիվիստներին է բաժանել մի հուշաթերթիկ, որտեղ նշված է, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ինչպես պետք է իրեն պահի հեղափոխական ակտիվը։ Կոնգրեսի սահմանած կանոններից առաջինը հետեւյալն է. «Շարժման մասնակիցը ոչ միայն չպետք է վիրավորի կամ հայհոյի ոստիկանության որեւէ ներկայացուցչի, այլեւ ընդհանրապես որեւէ կոնտակտի մեջ չպետք է մտնի նրանց հետ»։ Դե ինչ, վերջապես կոնգրեսի ղեկավարությունը խոստովանեց, թե ինչի են ունակ իրենց «խաղաղ ցուցարարները»։ Թեպետ ամենակարեւորի մասին կոնգրեսը «մոռացել» է նշել, այն է՝ «չպետք է բռնություն կիրառի իշխանության ներկայացուցչի նկատմամբ»։ Քանզի հայհոյելուց ու վիրավորելուց բացի, քաջարի ակտիվիստները նաեւ հարձակվում են ոստիկանների վրա, ինչի ականատեսը դարձանք ոչ միայն 2008-ի մարտի 1-ին, այլեւ դրանից հետո»։

Հանրահավաքների թեմային բոլորովին այլ դիտանկյունից է անդրադառնում «Հայկական ժամանակ»-ը. - «Մենք արդեն գրել ենք, որ մեր տեղեկություններով, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրերս առաջարկել էր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերին` մեկ շաբաթվա ընթացքում կոնկրետ առաջարկություններ ներկայացնել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի կապակցությամբ: Այդ առաջարկությունները պետք է բաղկացած լինեն երեք մասից. հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված, բուն հանրահավաքի հետ կապված եւ հետհանրահավաքային գործողությունների հետ կապված: Թե ինչ է լինելու մարտի 1-ին եւ դրանից հետո` այդ հարցը հետաքրքրում է հազարավոր քաղաքացիների: Համենայնդեպս` շատերը մարտի 1-ը ընկալում են որպես նոր սկիզբ: Ուստի եւ, կախված այն հանգամանքից, թե ինչպես կոնգրեսը կնախապատրաստվի այդ օրվան եւ ի՞նչ կլինի մարտի 1-ին, կարելի կլինի որոշակի պատկերացում կազմել հետագա զարգացումների մասին»:

Նույն թեմայի շրջանակում «Չորրորդ իշխանություն» թերթին հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասում է. - «Մարտի 1-ի հանրահավաքը չի կարող հետաձգվել որեւէ պատճառով: Դա նույնն է, որ ապրիլի 24-ը նշվի մեկ ուրիշ օր: Հանրահավաքն անպայման կայանալու է»: Պատասխանելով մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հավանականությանը վերաբերող հարցին` Զուրաբյանը ասում է. - «Ես չեմ կարծում, քանի որ դա կլինի իշխանությունների ինքնաքայքայման, ինքնակործանման ուղին, ինչպես նաեւ անբարոյական քայլ: Չի կարելի ընդհանրապես բռնություններ գործադրել եւ մասնավորապես նման հրեշավոր ծրագիր ունենալ նման ողբերգության հիշատակի օրը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ըստ որոշ չճշտված լուրերի, իրավապահ համակարգում առաջիկայում փոփոխություններ են սպասվում: Ոմանք այդ փոփոխությունների ուղղությամբ գերագույն ջանքեր են գործադրում: Ըստ լուրերի, վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովիկ Մանուկյանին առաջարկվելու է արդարադատության նախարարի պաշտոնը: Այս լուրերը ըստ ամենայնի տարածվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վերջին օրերին Մանուկյանը 3 անգամ այցելել է նախագահական: Թեեւ ոմանք կարծում են, որ այդ այցելությունները այլ իմաստ ունեն, ասենք` «կուլակաթափ» անելու: Նշվում է նաեւ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին ուզում են նշանակել Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան` Գագիկ Ղազինյանն այլեւս ձեռք չի տալիս, նրան խանգարում է Գագիկ Ջհանգիրյանի հետ նախկին մտերմությունը»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարվա ապրիլի 20-21-ը Երեւանում կկազմակերպի միջազգային գիտաժողով` նվիրված 1909 թվականի ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին: Երկօրյա գիտաժողովի ընթացքում այս թեմայի հիմնախնդիրներով զբաղվող պատմաբան մասնագետները` Հայաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից եւ Շվեդիայից, կներկայացնեն զեկույցներ` անդրադառնալով կոտորածի դրդապատճառներին, հետեւանքներին եւ դրանց միջազգային արձագանքներին: Ադանայի 1909 թվականի կոտորածները, որոնց զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ, սկիզբ դրեցին հայերի ամբողջական բնաջնջման քաղաքականությանը, որը շարունակվեց Առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո: Այս քաղաքականության իրագործման հետեւանքով բնաջնջվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր, շուրջ 300 հազար հայ բռնագաղթեցին հայրենի բնօրրանից»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG