Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը հանձնել է հունվարի 26-ին զոհված Բադ Թադեւոսյանի դիակը


Այսօր տեղական ժամանակով ժամը 14-ին Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում` Աղդամի ուղղությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Բադ Թադեւոսյանի դիակի հանձնումը: Նա զոհվել է հունվարի 26-ին նշված վայրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում:

Ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Լեռնային Ղարաբաղի պետական հանձնաժողովը իր հաղորդագրությունում նշում է, որ ադրբեջանական կողմը միայն փետրվարի 5-ին է ԿԽՄԿ-ին հայտնել դիակը ղարաբաղյան կողմին հանձնելու պատրաստակամության մասին, եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հավատարիմ մնալ ժնեւյան կոնվենցիաների սկզբունքներին եւ չքաղաքականացնել մարդասիրական հարցերը:

Քաղաքացիական անձ, 26-ամյա Բադ Թադեւոսյանը հունվարի 26-ին անսթափ վիճակում Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ էր արել շարժվել ադրբեջանական հենակետերի կողմը: Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ` մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնել նրա առաջխաղացումը, հաջողություն չէր ունեցել: Ադրբեջանական կողմից կրակ էր բացվել հայկական դիրքերի ուղղությամբ, եւ փոխհրաձգության արդյունքում զոհվել են Բադ Թադեւոսյանը եւ 26-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG